20 տարի առաջ հուլիսի 3-ին ընկավ Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյանը)
Հասարակություն
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից։ Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում:
«Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,- պատգամել էր ազատամարտիկը:
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում:
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: 1983թ. ավարտելով դպրոցը՝ աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում: 1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում' սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին, քանի որ կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի:
«Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»,- գրում էր Վարդանը իր հուշերում։
Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ: 1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ:
«Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»,- սրտնեղում էր Վարդանը:
Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ: Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին: Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին:
«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավաթալ հաղթանակին-ահա սա է մեր ուժի աղբյուրը»: Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից:
Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը: Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը: Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան գրավել էին Շուշիին հարակից թաղամասերը: Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը: Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Աշոտ Բեկորի գլխավորած ուժերի մնացած մասը: Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները: Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Քեսալար (Кесалар), Բաշքենդ (Башкенд), Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17: Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը:Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը:
Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ: Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից): Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրավեց: Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով թշնամին դիմեց փախուստի թողնված մարդասիրական միջանցքով: Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր: Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր: Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքեր և այլն: Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը