Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում
Հասարակություն
Դեռ Պլատոնը կարծում էր, որ հին ժամանակներում մարդիկ այլ տիպի մարմիններ են ունեցել: Նրանք ունեցել են 4 ձեռք, 4 ոտք և միաժամանակ 2 գլուխ՝ տղամարդու և կնոջ: Սակայն Զևսը, մտածելով, որ մարդիկ այդ կերպ շատ ուժեղ են, կիսել են նրանց 2 մասի՝ առանձնացնելով կնոջն ու տղամարդուն: Եվ միայն համբույրի ժամանակ են այդ երկու առանձնյակները կարողացել միավորել իրանց մարմիններն ու հոգիները:
Սա, իհարկե, երևակայական պատմություն է, սակայն ոչ ոք հստակ չի կարող ասել, թե երբ, որ ժամանակներից է առաջացել համբույրը: Սակայն մի բան հաստատ է՝ մարդիկ համբուրվել են դեռ մեր թվարկությունից 3000 տարի առաջ:
Սիրային փաղաքշանքի ամենատարածված արտահայտչաձևն էրոտիկ համբույրներն են, որոնք առաջացնում են սեռական գրգիռ: Երկարատև համբույրի ժամանակ մարդիկ հաճույք են ստանում, գրեթե սեքսին հավասար, քանի որ այդ ժամանակ արյան մեջ արձակվում է ադրենալին և երջանկության հորմոն՝ էնդորֆին: Այն բարձրացնում է տրամադրությունը, բարելավում ինքնազգացողությունը և օգնում հաղթահարել սթրեսը: Ի վերջո, սեքսը կարող է սկսվել համբույրից, բայց ոչ ամեն համբուր է ավարտվում սեքսով:
Համբույրը միշտ էլ ընկալվում է երեք՝ հոտի, համի ու շոշափելիքի զգայարանների միջոցով: Մեծ նշանակություն ունի հոտառությունը, որովհետև քթով մենք ներշնչում ենք մաշկի բույրն ու բերանից եկող հոտը, որոնք մեզ տեղեկատվություն են հաղորդում այդ անձի մասին:
Ամենակարևորը, սակայն, համբույրի համն է, որը շատ բազմազան է և փոփոխական, անգամ միևնույն անձի մոտ:
Այս ամենով հանդերձ, համբույրն ունի նաև սոցիալական իմաստ։ Տարբեր ազգերի մոտ ու տարբեր ժամանակներում վերաբերմունքը համբույրների նկատմամբ բավականին հակասական էր: Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի շատ ազգերի մոտ համբույրներ նույնիսկ գոյություն չունեին: Որոշ ազգեր համբույրներին վերաբերվում են որպես բոլորովին անպարկեշտ մի երևույթի, իսկ Արևելքի երկրներում համբույրն այլասերող երևույթ է համարվում: Ֆիջիի կղզիներում չգիտեն՝ ինչ է համբույրը, և իրենց զգացմունքներն արտահայտելու համար սիրահարները սկսում են ակտիվորեն շնչել քթով, իսկ որոշ ցեղեր մինչ օրս էլ իրար քթերով են քսվում:
Համարվում է, որ համբույրը եկել է Եվրոպա Հին Հռոմից, որտեղ ամուսինը տուն վերադառնալիս համբուրում էր կնոջը, պարզելու՝ օգտագործե՞լ է նա գինի:
Հավելենք, որ ամեն համբույր իր իմաստն ունի, և զուր է որոնել սիրային համբույրի իմաստը։ Պարզապես հաճախակի, կրքով և ամենակարևորը՝ երկար համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը:
Չէ՞ք հավատում: Շատ իզուր:
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները:
Պարզվում է, համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը: «Սատու» հիվանդանոցի հետազոտություններին մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին: Այս յուրօրինակ թերապիայի արդյունքում արյան մեջ զգալիորեն աճել է ալգենների դեմ պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը՝ բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Համբույրն օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև արյան մեջ խոլեսթերոլի պարունակությունը, ինչն էապես նվազեցնում է ինֆարկտները: Բժիշկների կարծիքով՝ համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին՝ ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս՝ 3 անգամ ավելի, հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ՝ արտադրվում է «երջանկության» հորմոնը: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնին: Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են և ինքնավստահ:
Ավստրիացի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում է, որ համբույրը կարող է փոխարինել պատվաստումներին: Մարդկանց բերանի խոռոչներում բնակվող բակտերիաների 80%-ը միատեսակ են, իսկ ահա մնացած 20%-ը՝ իրենցը, սեփականը: Համբուրվելիս կամա-ակամա փոխանակվում են բակտերիաներ, ակտիվանում է մեր իմունային համակարգը, անմիջապես վերսկսվում է հակամարմինների արտադրությունը:
Համբույրը նաև կնճիռների դեմ պայքարելու լավագույն միջոց է քանի որ այդ գործին մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Բացի այդ՝ համբույրը նպաստում է նիհարելուն: Կրքոտ համբույրը 2 րոպեում այրում է 2 կալորիա՝ կրկնապատկելով նյութափոխանակությունը:
Հոգեբանները ևս գտնում են, որ համբույրը հետաքրքիր երևույթ է: Համբուրելու ընթացքում մարդը հայտնվում է համբուրվողի անձնական տարածքում:
Իսկ նրանց, ում ճակատագիրը զերծ է պահել հիվանդություններից, գերմանացի գիտնականները մի անակնկալ են պատրաստել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է՝ եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան սովորույթ՝ մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցման ակտը:
Հետազոտությանը մասնակցել են 16-91 տարեկան 514 մարդ: Պարզվել է, որ համբույրից հաճույք են ստանում կանանց 65%-ը, տղամարդկանց '44%-ը:
Իսկ ընդհանուր առմամբ' համբուրվելն օգտակար է առողջությանը:
Այսօր համբույրի միջազգային օրն է։ Համբուրվե՛ք և եղե՛ք առողջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը