Վիտալի Բալասանյանը՝ ՀՅԴ ԿԿ-ի կողմից Բակո Սահակյանին սատարելու մասին
Արցախ
Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում խոսել է ՀՅԴ ԿԿ-ի կողմից Բակո Սահակյանին սատարելու մասին:
Վերջին երկու խորհրդարանական ընտրություններում Դուք պատգամավոր եք դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով, ուստի ակնկալվում էր, որ ՀՅԴ-ն կսատարի Ձեզ առաջիկա նախագահական ընտրություններում: Սակայն կուսակցությունը կարծես թե չի շտապում դա անել: Ի՞նչն է պատճառը:
- Ես ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ ընտրվել դեռեւս 1991 թվականին: 2005 թվականին ՀՅԴ-ի առաջարկությամբ ես մասնակցել եմ ԱԺ ընտրություններին եւ առայսօր հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր: Կյանքի եմ կոչել ՀՅԴ ծրագրերը, համագործակցել եմ ՀՅԴ-ի հետ եւ վստահաբար ասում եմ՝ իմ կողմից չի եղել որեւէ վրիպում:
Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ՝ ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին: Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների եւ ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ-ն ժամանակ է խնդրել' ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու եւ քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ, ինձ տեղյակ է պահվել, որ կա կայացրած որոշում՝ չսատարել որեւէ թեկնածուի եւ կուսակցության անդամներին կոչ անել ազատ քվեարկության:
Հունիսի 7-ին ԶԼՄ-ներից տեղեկանում եմ, որ ՀՅԴ ԿԿ-ն փոխել է իր որոշումը եւ սատարելու է Բ.Սահակյանին: Ես վստահ եմ, որ ՀՅԴ շարքերը չեն կիսում այդ որոշումը եւ տեղյակ եմ, որ դա կազմակերպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով ներկա է եղել ԿԿ ժողովին: Իսկ թե ինչ գործարք է կնքվել Բ.Սահակյանի եւ Հ.Մարգարյանի միջեւ' ցույց կտա ժամանակը, ժողովուրդն էլ կտա իր գնահատականը: Չեմ կարծում, որ այդ գործարքը կարող է ինձ խանգարել եւ վստահ եմ, որ ՀՅԴ անդամների եւ համակիրների մեծամասնությունն իր ձայնը տալու է իրենց գաղափարակից ընկերոջը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան