Գայանե Մանուկյանի հերքումը
Հասարակություն
Երեկ Լուրեր.com-ը տեղեկացրել էր, որ գլենդելաբնակ շուրջ 150 հայեր Հայաստանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Հարսնաքար»-ի դեպքի կապակցությամբ։
Նրանք փորձել են նամակ հանձնել հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին, սակայն շենքի փակ լինելու պատճառով իրենց բողոքն են արտահայտել՝ դարպասների վրա մահացածի լուսանկարները փակցնելով:
Նրանք պահանջել են, որպեսզի սպանության բոլոր մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը: Մասնավորապես ակցիայի կազմակերպիցներից մեկն ընթերցել է գլենդելաբնակ հայերի հայտարարությունը, որը տեսանյութի հետ միասին Լուրեր.com-ը ներկայացրել էր:
Տեսանյութը Լուրեր.com-ը վերցրել էր Facebook սոցցանցից: Նյութը սղագրելիս գլենդելաբնակ հայերի հայտարարությունն ընթերցած Անահիտ Մարտիրոսյանի անվան փոխարեն թյուրիմացաբար նշվել էր Գայանե Մանուկյանի անունը։
Այսօր Լուրեր.com-ի խմբագրությունը Գայանե Մանուկյանից ստացել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ինքը հուլիսի 5-ին ներկա է գտնվել բողոքի ակցիային որպես լրագրող՝ այն լուսաբանելու նպատակով: Տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի կապակցությամբ Լուրեր.com-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը։
«Մեկ շաբաթ անընդմեջ Լոս Անջելեսի AMGA ընդիմադիր համարում ունեցող հեռուստակայանով պարբերաբար տեղեկացվել է բողոքի ակցիայի մասին գլխավոր կազմակերպիչների՝ մասնավորապես, «Անահիտ Շոու Հայացք» հեռուստածրագրի, և «Ժամանակ» լրատվական ծրագրի հեղինակ Անահիտ Մարտիրոսյանի, ինչպես նաև նույն կայանի «Վարագույր» հեռուստածրագրի հեղինակ, վարող, Ռուդիկ Հովսեփյանի հաղորդումների ժամանակ:
Նշեմ, ներկա եմ գտնվել ակցիային՝ ի հիշատակ և ի հարգանքս Վահե Ավետյանի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գայանե Մանուկյանը հավելել է. «Հիշեցնեմ, առաջնորդվելով մասնագիտական էթիկայի կանոններից, բացի իմ ներկայությունից, ես, որպես լրագրող, բարոյական իրավունք չունեի կազմակերպելու, խոսելու մի ամբողջ համայնքի անունից, առավել ևս՝ հանդես գալու և ընթերցելու պայթունավտանգ քաղաքական բնույթ կրող բաց նամակ» և նշել, որ ինքը, իր խոսքերով, «ոչ ադեկվատ» չի արտահայտվել «ներկայիս հարգարժան նախագահի, ինչպես նաև ԱԺ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը