Վարդավառը նշելու ենք հուլիսի 15–ին
Հասարակություն
Վարդավառը հայոց ամենասիրված տոներից մեկն է: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։
Կան կարծիքներ, որ Վարդավառի տոնը կապված է ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղից հետո իջնում է Արարատի գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի իրար վրա ջուր լցնել:
Վարդավառը տոնել են հեթանոս հայերը, ինչով և պայմանավորված են տոնի հեթանոսական սովորույթները՝ միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը։ Հատուկ Վարդավառի տոնի համար ողջ տարին պահված աղավնիները ճախրում էին օդում՝ հիացնելով հանդիսականներին և հատկապես, իրենց վարժեցրած տերերին:
Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից, տանում էին եկեղեցի օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը: Սարերում կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը:
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը կրել է որոշ փոփոխություններ: Այն նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28–ից մինչև օգոստոսի 1–ն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ։ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։
Այս տարի Վարդավառը նշելու ենք հուլիսի 15–ին՝ Սուրբ Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը