Թեղուտի պաշտպանները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին դիմում -բողոք են ներկայացրել
Հասարակություն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, 27 հայաստանյան ու միջազգային ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մարդու իրավունքների մեկ միջազգային փորձագետ շտապ դիմում-բողոքարկում են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին' Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:
Դիմում-բողոքն ուղղվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին և դեպքի տարբեր կողմերի համար պատասխանատու 8 հատուկ թեմատիկ զեկուցողների:
Դիմում-բողոքում մասնավորապես նշվում է, որ.
• ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումներով, այդ թվում' մարդու իրավունքների խախտումներով:
• Որոշումների ընդունման գործընթացը չի ապահովել ժամանակին և արդյունավետ հանրային իրազեկում և մասնակցություն: Արդյունքում մարդիկ զրկվել են իրենց կյանքին վերաբերող որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությունից, այդ թվում' առողջ և անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, սեփականության իրավունք, մշակութային ժառանգության իրավունք:
• Հաշվի չեն առնվել հանքի գործունեության և առաջանալիք թափոնների հետևանքով մարդկանց առողջությանը և էկոհամակարգին խոշոր վնաս հասցնելու բարձր ռիսկերը: Հանքի գործողության արդյունքում կաղտոտվեն խմելու և ոռոգման ջրի աղբյուրներ, կմեծանա սողանքների հավանականությունը, կոչնչանան անտառային մեծ զանգվածներ: Բոլոր նշված ռիսկերն աճելու են' հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը:
• Տեղական բնակչությունը զրկվում է իր մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից և ստիպված է աշխատել հանքում: Լայնածավալ հանքարդյունաբերության պարագայում տարածքը ոչ-պիտանի կդառնա գյուղատնտեսության համար տասնյակ հազարավոր տարիներ շարունակ: Ապագայում սա կարող է կտրուկ ավելացնել տեղի բնակչության աղքատության և արտագաղթի մակարդակը:
• Ոչնչացման վտանգի տակ են պատմական և մշակութային հուշարձաններ ու նմուշներ:
• Թեղուտի դեպքը միակը չէ և Բողոքում նշված վտանգների մեծ մասը վերաբերվում են նաև հանրապետությունում գործող մյուս հանքերին:
Տեքստի ամբողջական տարբերակը զետեղված է www.teghut.am կայքում:
Հատուկ զեկուցողները մշտական հրավեր ունեն Հայաստանի Հանրապետության կողմից' մարդու իրավունքների հատուկ գործընթացների իրականացման համար և պատասխանատու են մարդու իրավունքների ամենահիմնական խախտումները հետազոտելու, դիտարկելու, խորհրդատվություն տրամադրելու, հանրային կերպով զեկուցելու և լայնածավալ իրազեկման գործողություններ ձեռնարկելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը