Հատուկ կայք-ակումբներ իրականացնում են ինքնասպանության պրոպագանդան
Հասարակություն
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը Lurer.com-ի այն հարցին, թե արդյոք այսօրվա հեռուստաեթերը նպաստում է ինքնասպանությունների թվաքանակի աճին, տվեց բացասական պատասխան։ Նա համարում է, որ հեռուստաեթերն այսօր այնքան վտանգավոր չէ հասարակության համար, որքան համացանցը, որտեղ կան հատուկ կայք-ակումբներ, որոնք իրականացնում են ինքնասպանության պրոպագանդան, բանաստեղծություններ են գրում այդ մասին, մանրակրկիտ բացատրում են իրականացնելու եղանակները։
Կամո Վարդանյանը ինքնասպանությունների մասին խոսելիս հավելեց, որ մարդիկ միանգամից այդ քայլին չեն դիմում։ Գոյություն ունի նախապատրաստական շրջան, որը կարող է տևել մինչև մեկուկես տարի։ Այդ ընթացքում մարդը սկսում է հեռանալ իր սիրելիներից, ընկճախտ է ապրում, ցուցաբերում է կասկածելի վարք։ Նրանց բացահայտելու համար հարկավոր է լայն զանգվածների հետ հաղորդակցվող մարդկանց հետ աշխատանքներ տանել, պարզագույն գիտելիքներ տրամադրել. ոչ թե թեմայի մասին խոսել և նկարագրել, այլ՝ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, և, ամենակարևորը, անհատը պետք է լինի հոգեբանորեն պաշտպանված։
Ինքնասպանություն կատարելու վտանգ հատկապես մեծ է այն ընտանիքներում, որտեղ արդեն մեկ անգամ այդպիսի դեպք տեղի է ունեցել, մարդու հոգեվիճակի վրա կարող է ազդել նաև այն վայրը, որտեղ երբևէ տեղի է ունեցել։ Ինքնասպանության հիմնականում դիմում են դեռահասներն ու ծերերը։ Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում մոտ 1.000.000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է։
Այսօր Հայաստանում հարկավոր է ստեղծել այնպիսի կազմակերպություններ, ունենալ այնպիսի մասնագետներ, ովքեր կուսումնասիրեն, կմեկնաբանեն, և գիտելիքներ կմատուցեն հասարակությանը, կբացահայտեն մեխանիզմները։
Հատկապես պետք է հնարավորինս պակասեցնել դեստրուկտիվ ինֆորմացիան, որն առավել ուժգնությամբ և տևական ժամանակ է ֆիքսվում մարդու գիտակցության մեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը