Մանդատ դնելով՝ մենք այդ խնդիրը չենք լուծում. Հեղինե Բիշարյան
Քաղաքական
Մանդատ դնելով՝ մենք այդ խնդիրը չենք լուծում։ Խնդիրն ունի իր բարոյական կողմը, իսկ Հայրապետյանը պարզապես իրավիճակից ելնելով դիմել է նման քայլի։ Անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, նման կարծիք Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշերյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ժամը 19.00-ի սահմաններում մահացել էր:
Վահե Ավետյանի մահից օրեր անց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել էր իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
ՕԵԿ պատգամավոր Բիշարյանի կարծիքով մանդատ վայր դնելով խնդրին լուծում չի տրվի, քանի որ խնդիրն այստեղ ավելի խորքային է։
«Մենք պետք է երևույթը վերհանենք, փորձենք այնպես անել, որ մեր երկրում նմանատիպ երևույթները չկրկնվեն։ Այդ պահին ոչ միայն «Հարսնաքարում», այլ նաև Իջևանում, այլ նաև տարբեր վայրերում ինքնասպանություն, ծեծկռտոց, սպանություն, նմանատիպ երևույթներ տեղի ունեցան, մեկը մեկից ոչ պակաս, այնպես չի, որ պետք է միայն «Հարսնաքարի» դեպքը մատնանշել և միայն դա դառնա քննարկման առարկա»,– ասաց Բիշարյանը և հավելեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը Հայրապետյանների ընտանիքի ունեցվածք է և այդ պատճառով էլ դարձավ լուրջ քննարկման առարկա, բայց ըստ նրա՝ մենք պետք է լուրջ վերաբերվենք այն խնդիրներին, որտեղ չկան պատգամավորներ, պաշտոնյաներ, որտեղ չկա ինչ–որ հայտնի մարդ, բայց տեղի է ունենում նման երևույթ։
ՕԵԿ պատգամավորը օրինակ բերելով վերջերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) քրոջ որդու՝ Արման Բադալյանի ձերբակալությունը, նշեց, որ պետք է երևույթի մասին խոսել, իսկ մանդատ դնելը չի լուծում այդ խնդիրը։
«Ես ինձ համար այդքան չեմ կարևորում այդ մանդատի հարցը։ Հիմա եթե այդպես լինի՝ անընդհատ մանդատներ դնելով, և եթե ես իմանամ այդպես հարցը կլուծվի, ես ուրախ կլինեմ, բայց ես տեսնում եմ, որ դա խորքային է, երևույթները շատ են, մենք պետք է այդ երևույթի դեմ պայքարենք։ Հանդուժողականության մթնոլորտ պետք է տիրի, որ փոքրիկ վեճերը չդառնան սպանության առիթներ։ Սա շատ լուրջ խնդիր է, և ես կարծում եմ, որ մենք պետք է դրան ուշադրություն դարձնենք, որ նման միջադեպերը սպանությունների պատճառ չդառնան»,– ասաց Բիշարյանը։
Վերջինս դատապարտելով «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը նշեց, որ հանգիստ է իրեն զգում, որ կան գործով ձերբակալվածներ. «Հանգիստ եմ, որ նա ով կատարել է այդ հանցագործությունը անպայման պատասխան է տալու։ Իսկ մյուսներն էլ սրանից հետևություն կանեն, որ եթե հանցագործություն կատարեն անպայման պատիժ են կրելու և ձեռք չեն բարձրացնի քաղաքացին քաղաքաղու վրա, մարդը՝ մարդու։ Սա ինձ համար կարևոր է»։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ներգրավել հարուցված քրգործում որպես կասկածյալ, Բիշարյանն ասաց. «Հայրապետյանն առնչվում է գործի հետ այնքանով, որ «Հարսնաքարը» իր ընտանիքին է պատկանում։ Այս պահին նա ով այդ հանցագործությունը կատարել է՝ ձերբակալված է։ Կանչել Հայրապետյանին քննության, ով հանցագործությանը չի մասնակցել, ներկա չի եղել, և այդ առումով որևէ ձևով ծեծկռտուքի կամ այդ պահին սպանության հետ չի առնչվում, կարծում եմ ազնիվ չի այդպես մտածել։ Ձերբակաալված են մարդիկ, որոնք կատարել են ծեծկտուքը, որի ընթացքում էլ մարդ է մահացել և նրանք էլ պետք է դատապարտվեն և պատասխան տան։ Հիմա այդպես որ լինի, մենք պետք է գտնենք ո՞վ է Իջևանի այն ռեստորանի տերը, որտեղ վերջերս տեղի է ունեցել դանակահարություն, ընկերներով հաց են կերել և վիճաբանությունը հասել է դանակահարության՝ մարդ է մահացել, հիմա ի՞նչ, պետք է կանչենք ռեստորանի տիրոջը և դատե՞նք։ Նույն երևույթն է և կարծեմ նույն օրվա կատարված։ Ասում են, որ այն տղային ում դանակահարել են շատ համեստ տղա է եղել, մի արտահայտություն է արել «արա» և այդ պատճառով ծագել է վեճը»;
Նրա խոսքերով հանդուրծողականության վրա պետք է աշխատել, որ մարդիկ իրար հանդուրժող լինեն, իսկ Հայրապետյանին կանչել, եթե արդեն կան մարդիկ ովքեր ձերբակալված են և պատասխան են տալիս դա արդեն ցավալի է։
«Ցավալի է, որ որոշակի քաղակական ուժեր, մարդիկ, գործիչներ շահարկման թեմա են սարքել։ Սա էլ մի ծայրահեղություն է, որի մեջ պետք չէ ընկնել, ի վերջո ցավոտ է նաև այն ընտանիքի համար, ում հետ տեղի է ունեցել այդ երևույթը պետք է հարգել այդ մարդու հիշատակը և Վահեի հիշատակը չդարձնել շահարկման շատ լուրջ թեմա։ Առավել ևս եթե հանցագործները ձերբակալված են»,– եզրափակեց Բիշարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը