Աբովյանում և Չարենցավանում գործադուլ է
Հասարակություն
Report.am-ի թղթակիցը Աբովյանում է: Այս պահին Հանրապետական Արթուր Հարությունյանին՝ «Պալաչին» պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության 30-35 վարորդները գործադուլ են անում, նույն ընկերության վարորդներ գործադուլ են կազմակերպել նաև Չարենցավան քաղաքում: Տեղեկացնենք, որ «Քինգ դե Լյուքս» ընկերությունը սպասարկում է Աբովյան-Երևան 259 համարի երթուղային գիծը և Աբովյանի ներքաղաքային տրանսպորտը:
Վարորդները մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ ԲՀԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից սպասարկվող անվճար ավտոբուսները խանգարում են իրենց աշխատանքին: Վարորդներից մեկը մանրամասնեց, որ իրենց 1 ավտոբուսի հետ միաժամանակ 2 բարեգործական ավտոբուս է երթևեկում, ինչի արդյունքում «Քինգ դե Լյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսները հնարավորություն չեն ունենում ապահովել քաղաքացիների տեղափոխությունը:
«Ոչ ոք չի ասում, թե պետք չէ բարեգործություն անել, բայց նրանք բարեգործություն չեն անում, դիտմամբ մեր աշխատանքն են խանգարում»,- ասաց մի վարորդ:
«Թող ոչ թե բարեգործական ավտոբուսները հանեն, այլ չխանգարեն իրար: Հակառակ դեպքում մենք գիծը կփակենք մեր ավտոբուսներով»,- ասաց մեկ այլ վարորդ:
Վարորդներից մեկն էլ նշեց, որ իրենց գծի տերը ստիպում է աշխատել այդ պայմաններում:
Հետագա քայլերի մասին վարորդները հստակ չգիտեն, առաջարկեցին դիմել իրենց ղեկավարությանը:
Նշենք, որ Աբովյանից Երևան երթևեկող 3 գծերից միայն մեկին (Արթուր Հարությունյանին պատկանող 259 համարի երթուղայինին) զուգահեռ են գործում ԲՀԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից սպասարկվող բարեգործական ավտոբուսները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը