Այսօր կմեկնարկի տոլմայի հայկական 2-րդ փառատոնը
Հասարակություն
Այսօր Սարդարապատ հուշահամալիրում տեղի կունենա տոլմայի հայկական 2-րդ փառատոնը։ Այս մասին Lurer.com-ին հայտնեց փառատոնի կազմակերպիչ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 18-ից 20 տաղավար, որոնցում ներկայացվելու են տոլմայի տարատեսակները։ Մարդիկ ազատ են տոլմայի պատրաստման եղանակի հարցում, դրանք կարող են լինել ինչպես նորույթներ, այնպես էլ մեր տատերից եկած ձևերը։
Ներկայացված տոլմաները գնահատվելու են ժյուրիի կողմից 3 անվանակարգերով՝ «լավագույն մտահղացում», «լավագույն համ», «լավագույն տեսք»։
Գլխավոր մրցանակակիրը չի մասնակցելու այս երեք անվանակարգերին, նրան ընտրելու է ՀԿ-ն, և որպես մրցանակ շնորհելու է կավե գավաթ։
«Փառատոնի անցկացման վայրը պատահական չէ ընտրված, այն մեր ազգի ինքնագիտակցության մեջ ինքնապաշտպանության, պաշտպանության կենտրոն է համարվում։ Ազգային խոհանոցի միջոցով ցանկանում ենք ազգային ինքապաշտպանական բնազդը արթուն պահել»,- նշում է Սեդրակ Մամուլյանը։
Նպատակ կա, որ փառատոնն անցկացվի նաև հայկական գաղթօջախներում, բայց առաջիկա պլանների մեջ մտնում են Հայաստանի մարզերը։
Այս կերպ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն փորձում է իր լուման ներդնել մեր երկիրը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու հարցում։ Փառատոնի կազմակերպչական աշխատանքներին իր մեծ ներդրումն ունի Հայաստանի մշակույթի նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը