Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքում ՀՀ-ին հատկացվել է 450 մլն եվրո
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը' բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:
Քննարկվեց բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական եւ ֆինանսական ոլորտները: Նշվեց, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, եւ բանկն ամրապնդում է դիրքերը՝ որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվեցին մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:
Երկուստեք կարեւորվեց "Լոռի-ջրմուղկոյուղի", "Շիրակ-ջրմուղկոյուղի" եւ "Նոր Ակունք" ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գեւորգյանը ողջունեց Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը՝ նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:
Անդրադարձ եղավ նաեւ "Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ" ծրագրի ընթացքին, որը եւս իրականացվում է բանկի օժանդակությամբ: Կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի եւ կնպաստի համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:
Տկն Վիտը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա եւ վստահություն հայտնեց, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի:
Կողմերն անդրադարձան նաեւ աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին եւ կարեւորեցին առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը