Փոխվարչապետն այսօր Գեղարքունիքի մարզում էր
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզում ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են, առաջիկայում կմեկնարկեն նաեւ երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որոնք ուղղվել են հիմնականում ջրագծերի, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, դպրոցների եւ մանկապարտեզների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:
Մարզպետ Ռ. Գրիգորյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսեց Ծաղկունք համայնքից, որտեղ ընթացքի մեջ են օրվա կարգավորիչ ջրամբարի վերականգնման եւ 5,8 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Այս նպատակով մարզի աջանահերթ խնդիրների լուծման ծրագրով ընդհանուր առմամբ հատկացվել է 108 մլն դրամ: Ա. Գեւորգյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին. զեկուցվեց, որ առաջիկայում կավարտվի կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը եւ կմեկնարկեն ջրագծի կառուցման աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագիրը, ինչպես նաեւ գյուղի ջրամատակարարման համակարգի կառավարման խնդիրը կքննարկվի նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ մասնագետների հետ:
Մարզպետը նաեւ փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց Դդմաշեն - Հրազդան ճանպարհահատավածի վերականգնման ընթացքի մասին: Նշվեց, որ 5,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Ծրագրի արժեքը 581,5 մլն դրամ է:
Գեղամավան համայնքում վերանորոգվում է մշակույթի տունը, որի համար ծրագրի առաջին փուլով հատկացվել է 45, երկրորդ փուլով' 30 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ա. Գեւորգյանը մարզպետի եւ համայնքապետի ուշադրությունը հրավիրեց ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտության վրա:
Փոխվարչապետը Սեւան քաղաքում ծանոթացավ Նալբանդյան 36 հասցեում գտնվող բազմաբնակարան վթարային շենքի խնդրին: Տեղում, մարզպետի եւ բնակիչների մասնակցությամբ քննարկվեց իրավիճակը: Հաշվի առնելով, որ ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով շենքի վերակառուցման համար հատկացված 60 մլն դրամով հնարավոր չէ խնդիրը լուծել, քննարկվեց բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հնարավորությունը:
Սեւան քաղաքում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 68 մլն դրամ:
Սեւանից փոխվարչապետը մեկնեց Գավառ' ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղ եւ Ծովազարդ համայնքներում: Ծովագյուղում Ա. Գեւորգյանը ծանոթացավ հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, որի համար ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերով ընդհանուր առմամբ հատկացվել է 75 մլն դրամ: Մարզպետը տեղկացրեց նաեւ, որ ընթացքում է գյուղի դպրոցի վերանորոգումը, որի համար պետբյուջեով հատկացվել է 210 մլն դրամ:
Ծովազարդում եւս դպրոցի վերնորոգման աշխատանքներ են իրականացվում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով հատկացված 20 մլն դրամով:
Գավառ քաղաքում փոխվարչապետը ծանոթացավ թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրով այս նպատակի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 100 մլն դրամ:
Այցի ընթացքում մարզպետի հետ քննարկվեցին ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Փոխվարչապետը մարզպետին հորդորեց հետեւել հատկապես շինարարական աշխատանքների որակին եւ ծրագրով նախատեսված աշխատանքների' ողջ ծավալով իրականացմանը: Անդրադարձ եղավ նաեւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը