Ինչու՞ է խախտվում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը
Հասարակություն
Մաշտոցի պուրակը իննսունօրյա քաղաքացիական պայքարի արդյունքում վերադարձվեց հանրությանը, որից հետո քաղաքապետարանը իրականացրեց այգու բարեկարգում՝ բառիս ամենաբուն իմաստով։ Սա կարծես սկիզբն էր մի նոր մշակույթի ձևավորման, բայց հանկարծ էլի օլիգա՞րխ։
Այգուց զավթված տարածքի վրա է գտնվում «Մետելիցա» սրճարանը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու քաղաքապետարանը, բարեկարգելով այգին, լուծում չտվեց նաև այս հարցին։ Միգուցե նրա համար, որ սրճարանը ապամոնտաժելու համար չկա՞ր հանրային ճնշում։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Անհասկանալի է, թե ինչ իրավունքով Մաշտոցի պողոտայից այգի մտնող գլխավոր ճեմուղին վերածվել է սրճարանի բացօթյա հատվածի՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Եվ սա էլ ամենը չէ։ Հիմա էլ տեղադրվել է բեմահարթակ, որն ընդհանրապես փակում է ճեմուղին։
Այսպիսով հարց է առաջանում, թե կան արդյոք այս ամենի համար իրավական հիմքեր, ինչ իրավական հիմքերով կարելի է փակել ճեմուղին, որտեղ են պատկան մարմինները, որտեղ են Ռոբերտ Մելքոնյանն ու Կարեն Մովսիսյանը, որոնց կարծիքով՝ անգամ փոքր վրանը կարող էր փակել ճեմուղին և դրանով իսկ խախտել այլ անձանց իրավունքները։ Թվում է, թե պիտի ամեն անգամ քաղաքացիական հանրությունը «բզի» պետական ապարատին, որպեսզի նրանք կատարեն իրենց աշխատանքը։ Այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք վճարում հարկեր։
Սրանք մեղադրանքներ չեն, ընդամենը հարցեր են, որոնց պատասխանները հետաքրքրում է շատերին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը