Այս պահին ԱԺ-ի դիմաց ակցիա է. պահանջում են արտահերթ նստաշրջան
Հասարակություն
Այս պահին ԱԺ–ի դիմաց տեղի է ունենում ակցիա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են արտահերթ նստաշրջան անցկացնել։
Ելույթ ունեցավ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ով իր խոսքում կոչ արեց ԱԺ խմբակցությունների պատգամավորներին օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ։
Սանասարյանը նշեց նաև, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ պատգամավորների մեծ մասը Հայաստանում է չէ։ Ի պատասխան Զոհրաբյանի, նա նշեց, որ ԱԺ պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15-ից։
«ԱԺ պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15–ից։ Եվ քանի–որ նրանք այս պահին գործուղման չեն, պահանջում ենք վերադառնալ Հայաստան և անհապաղ իրականացնել ՀՀ քաղաքացիների պահանջը»,– ասաց նա։
Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով նաև այն փաստին, որ ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը մոմավառության մասնակիցներին կուտոկ և խուժան է անվանել, ասաց. «Կուտոկը Ձեր խմբակցությունն է, խուժանն այն մարդիկ են, ովքեր թալանում են երկիրը, խուժանն այն մարդիկ են, ովքեր բանակում մարդ են սպանում»։
Նշենք, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ողջունելով ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիելու նախաձեռնությունը, Աժ պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը:
«Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն Հարսնաքարի գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի և անձեռնմխելիության պահպանմանը:
Այսօր ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժ. 13:00 մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:
Ձեր մասնակցությունը շատ կարևոր է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը