Ուսումնավարժանք Կոտայքի մարզում «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով
Հասարակություն
2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվել է ուսումնավարժանք՝ «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետներ, ինչպես նաև Կոտայքի մարզի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, տարածքային կառավարման վարչությունների, փրկարարական վարչության և ոստիկանության համապատասխան ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ուսումնավարժանքի ընթացքում հրդեհավտանգ տարածքների, հրդեհների և հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ քննարկված հարցերի շրջանակներում շոշափվեցին անտառամիջյան ճանապարհների անանցանելիության, անտառներում սանիտարական մաքրումներ և հատումներ կատարելու, հանգստյան գոտիներում ցուցանակներ, պաստառներ տեղադրելու և հանգստացող քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու, ինչպես նաև անտառտնտեսությունը համապատասխան սարքավորումներով հանդերձելու խնդիրները:
Ելույթների մեջ հատուկ կարևորվեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2011 թ. հոկտեմբերի 3-ի փոփոխությունը, որի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Անդրադարձներ եղան նաև անտառտնտեսություններում մոբիլ շարժական հրշեջ կազմավորումների ստեղծման, նրանց տեխնիկական հանդերձման և ուսուցման, անտառների պահպանության ազգային ծրագրի մշակման և օրենսդրական դաշտի արդիականացման հարցերին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը