Երթ սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կատարելու պահանջով
Հասարակություն
Երթը տեղի կունենա հուլիսի 19ին, ժամը 10:30ին: Այն կսկսվի Կառավարության շենքի մոտից (Հրապարակի ժամացույցի մոտ):
Սիրիայում տեղի ունեցող բախումները օրակարգային են դարձրել տեղի բազմահազարանոց հայ համայնքի անվտանգության հարցը: Միաժամանակ նոր նշանակություն է ձեռք բերել համայն հայ ժողովրդի հայրենահավաքության և մասնավորապես արտերկրի տարբեր գաղթօջախներից հայրենադարձության խնդիրը:
Անկախության վերանվաճումից հետո սպասելի էր, որ հայրենի կառավարությունը տարբեր երկրներում հանգրվանած մեր հայրենակիցներին պետք է գրկաբաց հրավիրեր մասնակցելու ազգային պետության շինարարությանը, բարգավաճմանը և պաշտպանությանը: Սակայն հայրենադարձության ինքնաբուխ առաջին փորձերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը հայրենադարձության ծրագիր չունի, դրանում շահագրգռված չէ և արտերկիրը դիտարկում է միայն որպես նյութական օժանդակության աղբյուր: Այսօր էլ մեր պաշտոնատարների համար հայրենադարձությունը կոնկրետ սփյուռքահայերի անձնական գործն է, որի հնարավորությունները, փաստորեն, ոչինչով առավել չեն որևէ օտարազգիի Հայաստան ներգաղթելու պայմաններից:
Բնական է, որ քաղաքական և պատերամական անկայություն ապրող երկրներում հակամարտության մեջ չներգրավված բնակչությունը ձգտում է հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդպիսի երկրների աշխարհագրությունը, որտեղ առկա է մեծաթիվ հայ բնակչություն շարունակում է ընդարձակվել: Երեկ Իրաքից, այսօր Սիրիայից, վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրից հեռանալու որոշում կայացրած բազմաթիվ հայ ընտանիքեր միշտ չէ, որ ընտրում են հայրենիքը' նախապատվությունը տալով այլ երկրներում փախստականի ավելի արտոնյալ կարգավիճակ ստանալուն: Դրա գլխավոր պատճառը հայրենկիցներին ընդունելու Հայաստանի կառավարության անպատրաստությունն է և չկամությունը:
Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցները արդեն բախվում են այդ անպատրաստությանը և չկամությանը:
ՀՀ կառավարությունից պահանջում ենք.
1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր:
2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով, չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ:
3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում:
4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռք բերում:
5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում:
6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ:
7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն:
«ՀԱՅԱԶՆ» միություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը