Այրումի ճանապարհը կբացվի հուլիսի 26-ին
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տարածել է հետևյալ պարզաբանումը.
Aravot.am կայքի հուլիսի 17-ի մի հրապարակման մեջ մտահոգություն է արտահայտվել Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կմ-ում սողանքի (Այրումի սողանքի) հետևանքով փլուզված հատվածի վերականգնման ժամկետների վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Ճանապարհ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի, ավտոճանապարհի հիշյալ հատվածի վերականգնման ժամկետ է սահմանվել 2012թ. հուլիսի 16-ը:
Հիմնական աշխատանքները կատարվել են պայմանագրի ժամանակացույցին համապատասխան՝ հողային աշխատանքները և ճանապարհային պատվածքի իրականացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2012թ. հուլիսի 5-ին, իսկ խճային հիմքի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 10 օրվա ընթացքում:
Սակայն Տավուշի մարզում, մասնավորապես շինաշխատանքների իրականացման վայրում տեղացած հորդառատ անձրևները հնարավորություն չեն տվել կատարելու ճանապարհային պատվածքի աշխատանքները՝ բնահողերի գերխոնավացման պատճառով: Կապալառուն ստիպված է եղել լրացուցիչ հանել գերխոնավացած գրունտները և այն փոխարինել ավազակոպճային շերտով, ինչի պատճառով դիմել է պատվիրատուին աշխատանքների կատարման ավարտը մինչև ս.թ. հուլիսի 26-ը երկարաձգելու համար: Հաշվի առնելով տվյալ օբյեկտի կարևորությունը, պատվիրատուն առանձնակի ուշադրություն է դարձնում աշխատանքների որակին և, ելնելով եղանակային պայմաններից ու աշխատանքների իրականացման տեխնոլոգիական առանձնահատկություններից, համաձայնել է կապալառուի խնդրանքին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը