Մենք պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել. Զարուհի Հովհաննիսյան
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը ստեղծվել է հունիսի 17–ին, նույն օրը, երբ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վայրագ ծեծի ենթարկվեցին ռազմական բժիշկներ, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով հունիսի 29–ին մահացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը, նշելով, որ նախաձեռնությունը ստեծվել է Facebook սոցցանցում։
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով: Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը:
Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի և սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով:
Մեր հավաքական նպատակն է կյանքի և մյուս հիմնարար իրավունքների պաշտապանությունը, արդարության հաստատումը և արդարադատության իրականացումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը:
Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը և իրավական պետության կերտմանը:
Մենք պահանջում ենք՝
- Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց։
- Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ:
- Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:
- Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
- Ապահովել տուժածների եւ նրանց հարազատների անվտանգությունը եւ բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:
- «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը՝ կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:
Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ՝ նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ և այլն)։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը