Նախաձեռնությունը նրա համար է, որպեսզի չկարողանան կոծկել «Հարսնաքարի» գործը. Դավիթ Սանասարյան
Հասարակություն
«Ավելի խորքայնորեն փաստաբաններն իրենք կասեն՝ որոնք են այն հիմնավորումները, որով մենք փորձում ենք որպես կասկածյալ «Հարսնաքարի» գործում ներգրավել ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին»,- այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց, որ իրենք բազմիցս խոսել են այն հակասությունների մասին, որոնք տեղի են ունեցել ոստիկանության պաշտոնյաների միջև։ Սանասարյանը առաջին հերթին հիշեցրեց այն հանգամանքը, որ սկզբում մերժվում էր ծեծի ենթարկողների մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների ներկայության մասին պնդումը, իսկ հետո նույն մերժողները (մասնավորապես Ներսես Նազարյանը) նշեցին, որ այո, կան Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ։ Իսկ հետո մեկ այլ պաշտոնյա՝ կարևորագույն գործերով քննիչ Արսենյանն ասաց, որ նրանք չեն եղել թիկնազորի անդամներ, սակայն մեկ–մեկ ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին։
Ըստ բանախոսի` սա ուղիղ կապ է դեպքի հետ, որն էլ հիմք ընդունելով` իրենք պահանջում են, որ Հայրապետյանը գործում ներգրավվի որպես կասկածյալ։ «Սա, կարծում եմ, կոծկելու քայլ է, չեմ ասում, որ կոծկում են, այլ ասում եմ, որ սա քայլ է, որովհետև մենք հենց նրա համար ենք, որ նրանք չկարողանան կոծկել»,– ասաց Սանասարյանը։
Նա, անդրադառնալով վերջերս ոստիկանության տված ասուլիսին, ասաց, որ այնտեղ նշվել է, թե Հայրապետյանը մինչև յոթ անց կես է եղել «Հարսնաքարում», այնուհետև գնացել է։
«Ստացվում է, որ եթե Հայրապետյանն ասում է, ուրեմն այդպես է եղել։ Ես հավելեմ նաև մեկ այլ բան. դուք բոլորդ տեսել եք այն տեսանյութը, որում կա Հայրապետյանի ուղիղ խոսքը՝ թե ինքն ինչպես է հարցերը լուծում։ Մենք բազմիցս հղում արել ենք այս փաստերի վրա, բայց ոստկանությունը նույն ասուլիսի ընթացքում որևէ անդրադարձ չարեց։ Սա մեզ համար լուրջ հիմք է, որպեսզի չհավատանք գործընթացին։ Մենք գիտենք մեր անելիքները, գիտենք ինչպես ենք պայքարելու և հասնելու գործի իրական բացահայտմանը»,– ասաց Սանասարյանը։
Նախաձեռնության ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ նման դեպքերում, երբ անվտանգության աշխատակիցը ինչ–որ ընդհարման մեջ է, անվտանգության ծառայության պետին է այդ մասին տեղյակ պահվում, բայց մինչ օրս հայտնի չէ՝ անվտանգության պետերը հարցաքննվե՞լ են, ինչ–որ մանրամասներ ասե՞լ են։ «Անվտանգության պետը ոչ միայն տեղյակ է լինում, այլ նաև իր համաձայնությամբ է տեղի ունենում որևէ բան։ Մինչ օրս չգիտենք՝ վեցի մեջ կա՞ անվտանգության պետ»,– ասաց նա և հավելեց, որ որոշ քաղաքացիներ, ովքեր աշխատում են Հայրապետյանին պատկանող օբյեկտներում, ասում են, որ ամեն տեղաշարժ զեկուցվում է Հայրապետյանին. «սա կասկածելու հիմք է»։
«Անպատժելիության մթնոլորտն ավելին է, քան առանձին Ռուբեն Հայրապետյանի և իր թիկնազորի արածը։ Դա ավելի գլոբալ է։ Ես ցանկանում եմ կրկնել, որ մեր խնդիրը ինչ–որ անձի հետ չէ, մեր խնդիրը համակարգի դեմ է։ Եթե չկարողնանք այս գործը հասցնել ավարտին, և մեղավորները չպատժվեն, այստեղ ոչ թե առանձին նախաձեռնությունն է տանուլ տալիս, այլ տանուլ են տալիս ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես։ Մենք կապեր ունենք Սփյուռքի մեր հայաշատ համայնքերի հետ։ Առաջիկայում այլ ակցիաներ կլինեն, որի ընթացքում նրանք հայտարարությամբ հանդես կգան։ Փոխադարձ զորակցություն կա»,– ասաց Սանասարյանը և հավելեց, որ խնդիրը շատ լուրջ է, և խնդրի լուծումը պետք է բխի բացառապես Սահմանադրությունից և օրենքներից։
Սանասարյանը նշեց նաև, որ ցանկացած ողջամիտ նախաձեռնության հետ իրենք պատրաստ են համագործակցել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը