Հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ. Արմեն Աշոտյան
Հասարակություն
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր և պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում՝ հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության՝ կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով և հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ՝ այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում՝ հաշվի առնելով մի շարք ահազանգեր:
Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային և քաղաքակրթական նմանությունները, և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը