Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի որդուն արգելեցին լքել Հայաստանը
Հասարակություն
Aravot.am-ը, ահազանգ ստանալով «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից, հայտնում է, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, մեկնել Մոսկվա: Վերջինս երկիրը պետք է լքեր ռուսական «Զիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռով, N 506 թռիչքով, սակայն նրան հրավիրել են 2-րդ հարկ՝ Ազգային անվտանգության ծառայության կաբինետ, այնուհետ իջեցրել են առաջին հարկ ոստիկանություն ու ձեռնունայն տուն ճանապարհել: Արդեն 10 րոպե է՝ ինքաթիռը մեկնել է՝ առանց Վարդան Ղուկասյանի որդու: Ըստ ականատեսների, Սպարտակին ճանապարհելու էին եկել նրա ողջ շքախումբը՝ ամբողջ ընկերական շրջապատը՝ Սլաբոդկա թաղամասի տղերքով, հոր թիկնապահներով, որոնց թիվը 30-ից ավելի է եղել, սակայն վերջինս այդպես էլ մնացել է հայրենիքում: Ըստ ականատեսների, նա եղել է ուղեբեռով, ճամփորդական պայուսակով, իսկ օդանավակայան ժամանել էր ընկերոջ մեքենայով: Ականատեսների պատմելով, ինքնաթիռի թռիչքը տեսնելով՝ Սպարտակն անտրամադիր հեռացել է «Շիրակ» օդակայանից: Մենք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ ւ Ղուկասյանի որդուն արգելել են լքել երկիրը, մի՞ թե ինչ-որ խնդիր կա նրա հետ կապված, որին ի պատասխան լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց՝ որևէ արգելք չկա, ուր ուզում է թող գնա: Մնում է ենթադրել, որ որոշակի թերություններ են նկատվել քաղաքապետի որդու փաստաթղթերում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը