Բոյկոտե՛լ ՊՆ հասարակական խորհուրդը. բաց նամակ ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին
Հասարակություն
Հայաստանի Զինված Ուժերի մի խումբ բարձրաստիճան սպաների, հրամանատարների անունից պահեստազորի մայոր՝ Ռոբերտ Սարուխանյանը բաց նամակ են հղել ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Պարոն Հարությունյան,
Դատելով ձեր վերջին հայտարարությունից՝ դուք պատրաստվում եք կրկին ղեկավարել ՊՆ նոր Հասարակական խորհուրդը:
Հասարակական խորհուրդը բանակը հասարակության հետ կապող կամուրջ է, իսկ խորհրդի նախագահը բանակը ներկայացնող հանրային կերպար: Դուք հավակնում եք այդ կերպարին: Իսկ ունե՞ք դրա բարոյական իրավունքը:
Ամբողջ բանակը գիտի, որ դուք պարգևատրված եք Երկրորդ աստիճանի մարտական խաչով, այն դեպքում, երբ պատերազմին չեք մասնակցել, չեք կռվել, թշնամու ուղղությամբ մեկ փամփուշտ անգամ չեք արձակել, Կալաշնիկովի ինքնաձիգը քանդել – հավաքել անգամ չգիտեք: Կարո՞ղ եք գոնե մեկ կռված տղա վկա բերել ու ապացուցել որ գոնե մեկ օր անցկացրել եք խրամատում: Չե՛ք կարող, բայց երկրորդ աստիճանի մարտական խաչը կրում եք: Ամո՛թ է:
Մենք հարց ենք ուղղում ձեղ: Ի՞նչ խղճով եք կրում երկրորդ աստիճանի մարտական խաչը: Ի՞նչ է տալիս ձեզ այդ չվաստակած պարգևը ազատամարտի մասնակիցների արգահատանքից բացի: Ռևիզորի կարգավիճակով զորքերում ստուգումներ անելու բարոյական շղարշ:
Ինչպե՞ս եք պատրաստվում հասարակական վերահսկողություն իրականացնել բանակում, որտեղ ձեր հանդեպ հակակրանքը համատարած բնույթ ունի: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք դուք վերահսկողություն իրականացնել բանակում, մարտական կենսագրության տեր հրամանատարների գլխին վերադաս կարգվելու հավակնություն ունենալ: Ձեր անցյալն այդ իրավունքը ձեզ չի տալիս: Բանակը չի կարող հրապարակավ հանդես գալ: Ո՞ր մի գործող սպան իրեն թույլ կտա խախտել սուբորդինացիան ու ուղիղ, բացահայտ դիմել պաշտպանության նախարարին ու կոչ անել նշանակել կամ չնշանակել այս կամ այն մարդուն այս կամ այն պաշտոնին: Բայց բանակը իր ձայնը չի կարող չհնչեցնել: Բանակը իր վերաբերմունքն արտահայտելու հնարավորություն պիտի ունենա: Եվ այս հայտարարությամբ մենք բանակի մի խումբ սպաներ հայտարարում ենք:
Հեռացե՛ք բանակից, հեռացե՛ք արժանապատվորեն: Ձեզ՝ չվաստակած երկրորդ աստիճանի մարտական խաչի կեղծ ասպետին բանակը չի ընդունում: Բանակի համար դուք յուրային չեք: Զբաղեցնելով հասարակական խորհրդի նախագահի պաշտոնը դուք հարվածի տակ եք դնում բանակի և անձամբ Սեյրան Օհանյանի հեղինակությունը, որին դուք կոչված եք ներկայացնել այդ դերում: Հեռացե՛ք, հեռացե՛ք անձայն, հեռացե՛ք խորհրդի առաջին կազմի հետ միասին, որը ձեր թեթև ձեռքով իր եռամյա գործունեությունն ավարտում է կոռուպցիոն սկանդալի մեջ թաթախված: Հեռացե՛ք, հակառակ դեպքում ինչպե՞ս եք նայելու զորքերի սպայակազմին, կռված հրամանատարների աչքերին: Ավելի ճիշտ կլինի կրկին ընդդիմադիր գործիչ դառնաք:
Մենք կոչ ենք անում պաշտպանության նախարարին չվիրավորել բանակի սպայակազմին, պատերազմի մասնակիցների գլխին չկարգել որպես վերակացու մեկին, ով անամոթաբար երկրորդ աստիճանի մարտական խաչ է կրում այն դեպքում, երբ ողջ պատերազմը անց է կացրել կաբինետային բարձրաստիճան չինովնիկի կարգավիճակով:
Մենք գործող բանակի մի խումբ սպաներս կոչ ենք անում մեր հասարակությանը ԲՈՅԿՈՏԵԼ ՊՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ»:
Հայաստանի Զինված Ուժերի մի խումբ բարձրաստիճան սպաների, հրամանատարների անունից՝ պահեստազորի մայոր Ռոբերտ Սարուխանյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը