Այսօր ծնվել է արկածային ժանրի հիմնադիր Վախթանգ Անանյանը
Հասարակություն
1905 թվականի հուլիսի 26-ին ծնվել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը։
Նա սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում, բայց ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երկու տարի հետո դուրս է մնում դպրոցից։
Հետագայում գրողը ցավով հիշում է.
— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։
Վ. Անանյանը հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրն է։ Հեղինակն առավել ճանաչվել է «Սևանի ափին» արկածային վիպակով, որն աչքի է ընկնում մարդասիրական, հայրենասիրական շնչով, բնության վառ պատկերներով, համոզիչ կերպարներով: Վիպակը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով: Մանկական գրականության լավագույն նմուշներից է Անանյանի «Հովազաձորի գերիները» վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի: Անանյանը գրել է նաև «Հայաստանի կենդանական աշխարհը» քառահատոր աշխատությունը, որն ունի գիտաճանաչողական մեծ արժեք: Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա Հայֆիլմը նկարահանել է «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները»։
1941 թ.-ին մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին և մինչև ավարտը մարտնչել է հաղթանակի համար։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։
Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը