Ակցիա Խոսրովի արգելոցում. կիրակի 8:00-ին
Հասարակություն
Ձևավորվել է «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն, որն այսուհետ զբաղվելու է Խոսրովի արգելոցի պաշտպանության և վերականգնման հարցերով:
Կիրակի օրը նախաձեռնությունը կազմակերպում է ակցիա Խոսրովի արգելոց, որի ընթացքում կայցելենք արգելոցի հենց սրտում՝ «Գիլան»-ի հատվածում, «Հովազաձոր» ՍՊԸի կողմկիm կառուցված սրճարանային շինությունը: (Այս խնդրին կարող եք մանրամասն ծանոթանալ տեքստի վերջում կցված տեղեկանքում):
Նախաձեռնության ՊԱՀԱՆՋՆԵՐՆ են.
1) Ապամոնտաժել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կառուցված քարե շինությունը:
2) Դադարեցնել «հակահրդեհային ճանապարհների» անվան տակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող ճանապարհաշինությունը:
3) Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշակի հատվածի պահպանման ռեժիմը փոփոխվել է «Գիլան» կոչվող արգելավայրի և այդ տարածքում զվարճանքի օբյեկտ կառուցելու թույլտվություն է տրվել:
4) Պարտավորեցնել նշյալ պաշտոնատար անձանց և կառուցապատումն իրականացնող «Հովազաձոր» ՍՊԸ-ին փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք պետք է առաջանան քարե շինությունը (օբյեկտը) ապամոնտաժելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցն իր նախկին վիճակին բերելու ընթացքում:
5) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում' արգելոցային ռեժիմը համապատասխանեցնել Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի չափանիշներին, այդ կապակցությամբ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և այդ գործընթացին մասնակից դարձնել նաև շահագրգիռ կողմիս:
Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, հնչեն փորձագիտական կարծիքներ, կլինեն ելույթներ քաղաքացիական ակտիվիստների կողմից:
Կիրակի՝ հունիսի 29-ին, առավոտյան ժամը ութին շարժվում ենք Բարեկամության մետրոյից Կիևյան իջնող հատվածից ֆորդերով: Մոտ մեկ ժամից կլինենք արգելոցի մուտքի մոտ, որտեղից բեռնատարներով շարժվում ենք դեպի Գիլան: Արգելոցում կմնանք մոտ երկու ժամ, որից հետո նույն երթուղով կվերադառնանք Երևան: Նախատեսվում է Երևանում լինել մոտավորապես 14:00-15:00-ի ընթացքում: Ճանապարհածախսը և արգելոց մտնելու վճարը միասին կկազմեն 3000-3500 դրամ: Ձեզ հետ կարող եք բերել թեթև սնունդ: Ցանկացողները կարող են գրանցվել մինչև շաբաթ օրը երեկոյան ժամը 20:00' զանգահարելով Հասմիկ Գրիգորյանին 098 84 59 80 հեռախոսահամարով:
-------------------
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության 24.05.2007թ. ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում uտեղծվել է «Գիլան» անվամբ պետական արգելավայրը: Այլ կերպ ասած, իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը' հիմնավորելով դրա անհրաժեշտությունը բուuական և կենդանական աշխարհի պահպանությամբ ու կայուն oգտագործման ապահովմամբ:
09.08.2007թ. ՀՀ կառավարությունն ընդունել է ««Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 930-Ն որոշումը: Համաձայն որով ամրագրվել է, որ «Գիլան» պետական արգելավայրի տարածքում արգելվում է տնտեuական և բնակելի oբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ oբյեկտների' գրաuենյակ, տնակ և այլն):
Սակայն ի հակառակ վերոնշյալ որոշման 18.10.2007թ. թիվ 1203-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ կողմից 30.05.2002թ. ընդունված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության 29-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ. «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար' մինչև 5 տարի ժամկետով։»: Այս որոշման հիման վրա «Գիլան» պետական արգելավայրի տարածքում վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ը, որն էլ տարածքում իրականացրել է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի' սրճարանի շինարարություն, որը հասցվել է արդեն ավարտի:
Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ և բնապահպանական խնդիրներով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել ՀՀ գործադիր իշխանությանը, հանդես գալով դատապարտող հայտարարություններով:
Այդ ՀԿ-ներն ու մասնագետները մասնավորապես նշել են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118 հա տարածքի կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
Այդ որոշումների ընդունման գործընթացի մասին շահագրգիռ հասարակայնությունը, մասնավորապես' բնապահպանական հասարակական կազմակերպությունները և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտացված ամբիոնները չեն իրազեկվել' համաձայն Հայաստանի կողմից 2001թ. վավերացված Oրհուսի կոնվենցիայի սկզբունքների:
ՀՀ կառավարության վերը նշված որոշումները և դրանց ընդունման ընթացակարգերը չեն բխում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ ներպետական օրենսդրության և պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերի պահանջներից: Դրանք նաև հակասում են միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա առաքելությունների կողմից աջակցություն ստացող և ՀՀ կողմից իրականացվող պետական ծրագրերին.
ՀՀ կառավարության որոշումների արդյունքում ծավալված շինարարությունը «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում չի նպաստում այդ տարածքում բուuական և կենդանական աշխարհի պահպանությանը, վտանգում է արգելոցի պահպանության ռեժիմի ապահովումը և հասցնում էկոլոգիական և տնտեսական մեծ վնաս:
ՀԿ-ների ու մասնագետների կողմից «Խոuրովի անտառ» պետական արգելոցում իրականացվող տնտեսական գործունեության առնչությամբ հնչեցված մտահոգություններն ու պահանջները' ՀՀ կառավարության որոշումների վերանայման վերաբերյալ, 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. հունիսը պատշաճ արձագանք չեն ստացել ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից, իսկ մինչև օրս այդ մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել արգելոցի սրտում առկա շինությունն ապամոնտաժելու ուղղությամբ:
Հասարակական մեծ ճնշման արդյունքում ՀՀ կառավարությունը վերջապես վերանայեց իր իսկ կողմից ընդունված վերոնշյալ բոլոր որոշումները և 23.06.2011թ. ընդունեց թիվ 866-Ն որոշումը' համաձայն որի ուժը կորցրած ճանաչեց այն բոլոր որոշումները, որոնց հիման վրա «Խոuրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում 118 հա տարածքում uտեղծվել էր «Գիլան» պետական արգելավայրը:
Սակայն, ՀՀ կառավարությունն իր 23.06.2011թ. թիվ 866-Ն որոշմամբ չի անդրադարձել «Խոuրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում արդեն իսկ առկա շինության ապամոնտաժման հարցին: Էկոլոգիական հասարակական դաշինքի առաջարկությունը եղել է ապամոնտաժել ադ շինությունը, որովետեւ այն ապօրինի է, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը չի ընդունել, այլ փոխարենը ստեղծել է ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր աշխատանքային խումբ, որը պետք է որոշեր այդ կառույցի ճակատագիրը, որն էլ մինչև օրս որևէ որոշում կամ եզրակացություն չի կայացրել, թե այդ շենքի ճակատագիրն ինչ է լինելու:
Հայտնի է միայն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվում է առաջարկ, որ օբյեկտը կարելի է արգելոցի այցելուների համար օգտագործել որպես այցելության կենտրոն: Այդ դեպքում հարց է առաջանում, արդյոք պետությունը չէ՞, որ մտադիր է փոխհատուցել օբյեկտի սեփականատիրոջ ծախսերը, եւ արդյոք դա օրինակա՞ն է, երբ ողջ գործընթացն ի սկազբանե անօրինական էր:
Էկոլոգիական հասրակական դաշինքը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին' առաջարկելով հետևյալը. Քանի որ ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել և Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին կրկին վերադարձվել է նախկին կարգավիճակը, և շենքի կառուցումն այդ տարածքում այլևս ապօրինի է, պահանջել է պարտադրել օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այդ շինությունը պարտադրել նրանց իրենց իսկ միջոցներով դեմոնտաժ անել (քանդել) այն: Միևնույն ժամանակ, հայտնել են իրենց պատրաստակամությունը օգնել իրականացնելու վերոնշյալ շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից:
Ի դեպ, ՀՀ կառավարությունն իր 14.07.2011թ. նիստում հաստատել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում:
Խոսրովի արգելոցի շինության ապամոնտաժման կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակովՀԿ-ը 27.06.2012թ. դիմել է ՀՀ բնապահպանության նախարարին, բարձրացնելով հետևյալ հարցերը'
Ի՞նչ առաջարկություններ է արել ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր աշխատանքային խումբը Գիլան տեղամասում գտնվող կիսակառույց շինության վերաբերյալ:
Եթե առաջարկություններ արվել են, ապա դրանք տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, որպեսզի շահագրգիռ հասարակությունը կարողանա ծանոթանալ այդ առաջարկությունների հետ եւ տա իր գնահատականը,
Ո՞ր հաշվեկշռի վրա է ներկայումս գտնվում այդ շինությունը, եւ բացի ՀՀ կառավարության որոշումից ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչ իրավական հիմքեր ունի, որպեսզի որոշի, թե ինչ անի այդ կառույցի հետ,
Արդյոք ենթադրվո՞ւմ է այդ կառույցի շինարարության ծախսերի փոխհատուցում, եւ եթե այո, ապա ու՞մ հաշվին:
Ի պատասխան վերոնշյալ գրության ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ «ՀՀ բնապահպանության նախարարի 31.01.2012թ. թիվ 18-Ա հրամանով ստեղծված «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող նախկին «Գիլան» պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբը ս. թ. ապրիլի 26-ին քննարկել է պետական արգելոցի տարածքում գտնվող կիսակառույց շինության հետագա շահագործման եւ տնօրինման խնդիրները: Քննարկման ընթացքում առաջացել է տարբեր ոլորտների իրավական ակտերի ուսումնասիրման եւ համադրման անհրաժեշտություն: Ուստի աշխատանքային խմբի վերջնական դիրքորոշումը հստակեցնելու եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով' ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են եւ դրանց արդյունքների վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:
Ավելին, պետք է նշենք, որ 09.07.2012թ. «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցները եւ «Արեւիկ» ազգային պարկը դարձան եվրոպական «PAN պարկեր» ցանցի գործընկերը: Այդ օրը Երեւանում, տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հարկ է նկատել, որ «PAN պարկեր» -ի պայմանների համաձայն' ցանցի գործընկեր կարող են դառնալ միայն այն հատուկ պահպանվող տարածքները, որոնք ունեն ամենաքիչը 10 հազար հա վայրի բնություն, որը պահպանվել է առանց ձեռք տալու, այսինքն' առանց ճանապարհների, բարձրավոլտ գծերի, խողովակատարների եւ այլն: Ինչպես նշեց «PAN պարկեր»-ի ներկայացուցիչ Զոլտան Կունը, այս նախագծի վերջնական նպատակն այն է, որ Եվրոպայում մինչեւ 2015 թվականը ցանցը միավորի 1 միլիոն հա նման տարածք: Հայաստանում ցանցի մեջ մտան «Շիկահող» պետական արգելոցից 27 հազար հա, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից 15 հազար հա եւ «Արեւիկ» ազգային պարկից 18 հազար հա տարածք (աղբյուրը՝ ՀԿ-ի կայքից):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը