Բժիշկների բաց նամակը՝ ՀՀ նախագահին
Հասարակություն
Բաց նամակ
Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ընթացքում Ֆլորա Աբգարյանի և նրա երեխայի մահը մեծ ցավ է բոլորիս համար: Մահացել է երիտասարդ մայր և նորածին... Անխոս, մեծ ողբերգություն է…
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել և եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում' պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Մենք՝ բժիշկներս, դիմում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատներին՝ հայտնելով մեր ցավակցությունը և բոլորիս անունից ներողություն խնդրում կատարվածի կապակցությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը բժշկի նկատմամբ, որը, համոզված ենք, չի ցանկացել նման վերջաբան: Ցանկացած բժշկի համար թանկ է իր հիվանդը և այս դեպքը կարող էր պատահել ցանկացածիս հետ, և´ որպես բժիշկ, և´ որպես մարդ, որ ունի հարազատներ: Անսխալական մարդ չկա և չկա անսխալական բժիշկ, բոլորս ենք սխալվում... Համոզված ենք, որ մինչև վերջին պահը բժիշկը պայքարել է Ֆլորայի և մանկան կյանքի համար և նրա սիրտն էլ հարազատի պես ցավում է այժմ... Եկեք հնարավորություն տանք բժշկին վերադառնալու հասարակություն և փրկելու կյանքեր... Ճաղերի ետևում նա ոչ ոքի օգուտ չի տա, իսկ ազատության մեջ հնարավորություն կունենա իր գործով և կյանքերի համար պայքարելով ուղղել իր սխալը...
Դիմում ենք նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝
Հարգելի Պրն. Նախագահ, հաշվի առնելով վերը նշվածը և նաև, որ բժիշկ Վլադիմիր Մյագկովն ունի ընտանիք և երեխաներ ու չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ ճիշտ հակառակը՝ մարդ է, որը ողջ կյանքը մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր փրկել, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը՝ չբացակայելու ստորագրությամբ և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը' կիրառել համեմատաբար մեղմ պատիժ:
Բոլորս ենք սխալվում, չկան անսխալական մարդիկ և չկան անսխալական բժիշկներ...
Հարգանքներով,
«Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան նախաձեռնություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը