Համագործակցությունը առողջապահության ոլորտում շարունակվում է
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ:
Հյուրերը նախարարին են ներկայացրել գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը' արդյունքներն ու անելիքները: Մասնավորապես ներկայացվել է երկրի առաջընթացը մոր և մանկան առողջության հիմնական ցուցանիշներով՝ մանկական մահացության նվազում, պատվաստումներում բարձր ընդգրկվածություն, նախածննդյան խնամք, ծննդօգնություն, հղիության արհեստական ընդհատումների նվազում, ընտանիքի պլանավորում: Նշվել են նաև այն թիրախները և ուղղությունները, որտեղ կան անելիքներ՝ վերարտադրողականության բարձրացում, տուբերկուլոզի նոր դեպքերի վաղ հայտնաբերում, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, այլընտրանքային ֆինանսավորում, կադրային քաղաքականություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության ռազմավարությունը, որն իրականացվելու է առաջիկա 5 տարիներին:
Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը և վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին մասնակցությունը՝ նախարար Դումանյանը նշել է, որ ընտրված թիրախներն արդիական են:
Դերենիկ Դումանյանն ընդգծել է, որ առկա ֆինանսական և մարդկային ռեսուրսները նախ պետք է արդյունավետ կառավարել, ինչը կնպաստի ոլորտի բարելավմանը, կմշակվեն հստակ մեխանիզմներ ոչ պաշտոնական գանձումները վերացնելու, մարզերից Երևան հիվանդների հոսքը կանոնակարգելու ուղղությամբ:
Նախարարն առաջարկել է համատեղ ջանքերն ուղղել բուժօգնության որակի բարձրացմանը, նաև գտնել այլընտրանքային ֆինանսական միջոցներ ոլորտի առջև դրված մարտահրավերները լավագույնս իրականացնելու համար։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա 5 տարում ևս սերտ համագործակցել՝ ի շահ հայ ժողովրդի բարօրության:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը