Ո՞ւր են նայում Մասիս քաղաքի պատասխանատուները (ֆոտոշարք)
Հասարակություն
Օրերս Մասիս քաղաքի բնակիչներից ստացել էինք մի նամակ, որով դժգոհություն ու անհանգստություն էր արտահայտվում մոտակայքում գտնվող աղբանոցի հակասանիտարական վիճակի մասին:
Մասնավորապես ասվում էր, որ պարբերաբար Երևանից Մասիս է տեղափոխվում և հրկիզման միջոցով իրացվում տոննաներ կշռող կենցաղային աղբ, ինչի հետևանքով քաղաքի մթնոլորտ են արտանետվում վնասակար և թունավոր նյութեր՝ պատճառ դառնալով մասիսցիների մոտ քրոնիկ հիվանդությունների սրման և նոր հիվանդությունների ձեռքբերման։ Նամակը ստորագրել էր Մասիս քաղաքի 250 բնակիչ։
Խնդրի վերաբերյալ խոսեցինք ստորագրությունները հավաքող Անի Գաբրիելյանի հետ, ով մեկ անգամ ևս հաստատեց խնդրի լրջությունը և հայտնեց.
«Մասիս քաղաքի բնակիչները բազմիցս դիմել են Մասիսի քաղաքապետարանի կոմունալ վարչությանը, 16-րդ ընտրատարածքի պատգամավորներին, և նույնիսկ քաղաքապետին, ով ոչինչ չի ձեռնարկել։ Չեք պատկերացնի, յուրաքանչյուր առավոտ օդը սարսափելի անշնչելի է դառնում, տուժում է ողջ բնկաչությունը, աղբը օր ու գիշեր ծխում է, բնակիչները շոգին չեն կարողանում պատուհանները բացել»։
Lurer.com-ը կապ հաստատեց Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Գառնիկ Ռուշանյանի հետ, ով մեզ ասաց. «Աղբը ժամանակ առ ժամանակ, ըստ օրենքի, քանդվում- ծածկվում է։ Մենք ցանկապատ չունենք. գալիս են մարդիկ փորձում են բաներ գտնել, հետո կրակի են տալիս, մենք էլ գնում մարում ենք այն։ Նման խնդիր չկա, էսօր քաղաքականությունն ակտիվացել է, այդպիսի լուրեր են տարածվում»։ Իսկ այն հարցին, թե կոնկրետ ում նկատի ունի պատասխանեց,- «օրինակ, Ժառանգություն կուսակցությանը։ Լսե՛ք, մենք այդպիսի խնդիր չունենք, ով այդ խնդիրը տեսնում է, թող գա միասին գնանք նայենք»։
Հիշեցնենք, որ նամակն ուղղարկվել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը՝ հարցը ԱԺ-ում բարձրացնելու և ուշադրության կենտրոնում պահելու խնդրանքով։
Ձեզ ենք ներկայացնում ծխացող աղբի լուսանկարները, որտեղ պարզորոշ երևում է աղբանոցի հակասանիտարական վիճակը.
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը