Այս համակարգի կարգախոսն է` «Ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ»
Հասարակություն
«Երեկ Վահե Ավետյանի ծննդյան օրն էր։ Նա պիտք է դառնար 33 տարեկան։ Նրա սպանությունը հաստատեց քրեաօլիգարխիկ համակարգի այն քաղաքականությունը, որով նա իշխում է. սարսափով հնազանդեցնել և շարունակել իշխել», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը,- «Այս համակարգի կարգախոսն է՝ «Ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ»»...
«Այդ տխրահրչակ դեպքից հետո այս մեկուկես ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ նախաքննությունը վարող մարմինը փորձում է ձգձգել գործը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ տուժող կողմի կողմից լիազորված փաստաբանները միայն երեկ հնարավորություն ստացան ծանոթանալ գործի նյութերին, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ Ինչն է հետաքրքիր. գործի վարույթը հանձնված է մի անձնավորության, որը հայտնի է մարտի 1-ի չբացահայտված գործում իր մասնակցությամբ։ Վահագն Մինասյանի մասնակցությունը գործին մեզ թույլ է տալիս ենթադրել, որ փորձ է արվում գործով մեղադրյալներին ապահովագրել։ Այն հանգամանքը, որ այսպիսի վարկաբեկված անձնավորություն է ընտրվել, խոսում է այն փաստի մասին, որ ռեժիմը չունի նոր մարդիկ, որոնք կկարողանային հանձն առնել այս գործը։ Նույնիսկ այս ուժային համակարգում ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությունը, որը փորձում է կոծկել սեփական բանակի սպայի սպանությունը։ Նույն այդ բանակը, և նույն այդ ոստիկանությունը պատրաստ չեն դրան։ Այսպիսով՝ իշխանության հաշվարկը պարզ է դառնում. ձգձգել գործը այնքան, որ հասարակությունը հոգնի, աղմուկը քչանա ու այդպիսով կոծկի։ Սակայն մի հանգամանք հաշվի չի առնվել։ Սա Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները չեն։ Առաջացել է մի նոր գրագետ սերունդ, երիտասարդ սերունդ, որը շատ լավ հասկանում է այս հաշվարկները։ Այս սերունդը ոչ միայն հաշվարկներով, այլ նաև արժեքներով է առաջնորդվում։ Քաղաքացիական այս նոր հասարակությունը չի հանդուրժելու այն թողտվությունը, որ մինչև հիմա եղել է, և իր աշխատանքի մեթոդը լինելու է ինքնակազմակերպվելով ավելի ու ավելի ուժեղանալը։
Վերջին 40 օրերի ընթացքում թե՜ Հայաստանում, թե՜ Սփյուռքում մի շարժում է առաջացել, որը բազմազանությամբ և աշխարհագրությամբ իսկապես աննախադեպ է։ Այս շարժումը չի դադարելու, ու իշխանությունների կողմից գործի ձգձգելը հրավեր է լինելու հասարակությանը՝ ճնշումները էլ ավելի մեծացնելու համար։
Մենք 2 նախաձեռնություններով այստեղ ենք եկել վերահաստատելու մեր պատրաստակամությունը, որ Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվության կանչվելու է։
Օգոստոսի 7-ին ժամը 7-ին Հարսնաքարի մոտ տեղի է ունենալու մոմավառություն, որին հաջորդելու է բողոքի երթ Ավան թաղամասում։ Մոմավառություն է տեղի ունենալու նաև աշխարհի շուրջ 20 երկրներում։ Սա նույնպես աննախադեպ է։
Մենք կոչ ենք անում մեր ինքնորոշված քաղաքացիներին միանալ այս հասարակական անհնազանդության շարժմանը, ուժեղանալ և սեփական ճնշումով ցույց տալ, որ, այո, Հայաստանում հնարավոր են փոփոխություններ հենց հասարակության ճնշման շնորհիվ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը