ՄԻՊ ներկայացուցիչները` Գեղարքունիքում
Հասարակություն
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները «Բարի Հույս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Գեղարքունիքնի մարզի Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք համայնքներ: Համայնքի բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ Ընտանիքի և երեխայի համայնքային կենտրոններում:
Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում տարածքային գրասենյակի աշխատակիցները ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, իրավասություններն ու լիազորությունները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգն ու անհրաժեշտությունը:
Հանդիպումներին ներկա էին նաև համայնքի ղեկավարները, ովքեր կարևորեցին մարզում Պաշտպանի տարածքային գրասենյակի և համայքների միջև ակտիվ կապերը:
Բնակիչները խոսեցին իրենց մտահոգող հարցերի մասին, որոնց մեջ առանձնացրեցին անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին տրամադրվող դեղերի և բուժսպասարկման խնդիրը, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքը, պոլիկլինիկաների թերի աշխատանքը, մանկապարտեզների հետ կապված որոշ խնդիրներ:
«Մինչև մի երկու դեղահաբ են տալիս, մեզանից այնքան տեղեկանք են ուզում, որ արդեն անիմաստ է դառնում տվյալ արտոնությունից օգտվելը»,- դժգոհում էր սոցիալապես անապահով խմբում ընդգրկված բնակիչներից մեկը:
Մեկ ուրիշն էլ բողոքում էր, որ տարածքային սոցիալական ծառայությունները՝ ստեղծելով մի շարք արհեստական խնդիրներ, իրեն մերժել են տրամադրել ընտանեկան նպաստ:
Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները համայնքների բնակիչներից ընդունեցին բոլոր դիմում-բողոքները՝ դրանք հետագայում ուսումնասիրելու և ընթացք տալու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը