Սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին՝ առանձնահատուկ մոտեցում
Հասարակություն
«Մարզային իմ այցի ընթացքում բազմաթիվ հարցեր են բարձրացվում, որոնք լուծելի են։ Իմ գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերենք սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողների նկատմամբ։ Առաջին քայլերից մեկն արված է։ Օգոստոսի 1-ից իմ հրամանով մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,-Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Օգոստոսի 3-ին նա երկրորդ աշխատանքային այցն է կատարել Տավուշի մարզ՝ լինելով Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Հաղարծինի բուժհաստատություններում։ Մինչ այդ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և ոլորտի պատասխանատուների հետ Դերենիկ Դումանյանը քննարկել է մարզի բժշկակական հաստատությունների ընթացիկ տարվա անցած ամիսների արդյունքները, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
Մարզպետի ուղեկցությամբ նախարարն առաջինն այցելել է Նոյեմբերյանի Նասիբյանի անվան բժշկական կենտրոն։ Եռահարկ հիվանդանոցը 2010-ին հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, իսկ բուժսարքավորումներն ու գույքը ձեռք են բերվել պետական բյուջեի միջոցներով։ Բժշկական կենտրոնում հեմոդիալիզ է ընդունում 12 հիվանդ։ Մինչդեռ նոր ապարատի և ջրի մաքրման սարքի ձեռք բերման դեպքում հնարավոր կլինի ծառայությունն ընդլայնել և տեղում սպասարկել Վանաձորում և Երևանում հեմոդիալիզ ընդունող տավուշցիներին։ Դերենիկ Դումանյանը խոստացել է աջակցել ծառայության ընդլայնմանը՝ այն դարձնելով մարզային կենտրոն։ Բուժաշխատողները նախարարի ուշադրությունն են հրավիրել նաև երկրորդ վիրահատարան կազմակերպելու անհրաժեշտության վրա։ Դերենիկ Դումանյանը տեղում նախարարության աշխատակազմի աշխատակիցներին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում մասնագետներ ուղարկել և մանկաբարձագինեկոլոգիական բավական լավ հագեցած բլոկում առանձին վիրահատարան կազմակերպել։
Մասնագետները նաև բարձրացրել են նեղ մասնագետների վարձատրման, աշխատավարձի գոյացման մեխանիզմի վերանայման հարցերը։ Նախարարը ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության ղեկավարին հանձնարարել է մարզային կառույցի մասնագետի հետ զեկուցել իրավիճակի մասին և խնդրի լուծման առաջարկներ ներկայացնել։ Դերենիկ Դումանյանը խոստացել է անդրադառնալ նաև շաքարային դեաբեդով հիվանդների ինսուլինակախյալ լինելը փաստելու և հաշվառման վերցնելու համար հիվանդին պարտադիր մասնագիտացված բաժանմունքում վճարովի հիմունքներով հետազոտման ուղեգրելու խնդրին։
Նախարարին խիստ մտահոգել է Իջևանի բժշկական կենտրոնի թերծանրաբեռնվածությունը։ Հիվանդանոցը 2010-ին վերակառուցվել, ժամանակակից չափորոշիչներով հագեցվել է ՀԲ-ի վարկային ծրագրով։ Սակայն ոչ վերջին սերնդի բուժսարքավորումները, ոչ արտակարգ պայմաններն իրենց նպատակին չեն ծառայում։ Ավելին՝ Իջևանում հաշվառված հղիներից 50-ն այս տարի նախընտրել են ծննդաբերել Դիլիջանի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող բժշկական կենտրոնում։
Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում օրական 150-155 այցելու են ունենում, տնային կանչերի են գնում։ Այստեղ նախարարը գինեկոլոգների հետ քննարկել է ծննդօգնության պետական հավաստագրերի կիրառման, ծննդօգնության կազմակերպման հարցերը։
Այնուհետև նախարարն այցելել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Տարեսկզբից այստեղ 206 ծնունդ է արձանագրվել՝ 2011թ.-ի 318-ի համեմատությամբ։ Ընդամենը 12 ծնունդ է դուրս գնացել, որի կեսը՝ ցուցումով և ուղեգրումով։ Փոխարենն այստեղ ծննդաբերելու են եկել մարզի հարևան տարածաշրջաններից։
Դերենիկ Դումանյանը նշել է, որ քաղաքի առաջիկա սպասվելիք զարգացումը, Դիլիջանի՝ որպես առողջարանային քաղաք, կարգավիճակի հնարավոր փոփոխությունը նոր պահանջներ կթելադրեն։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Տավուշ կատարած նախորդ այցի ընթացքում տեղում քննարկվել է Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը, Դերենիկ Դումանյանը ծանոթացել է սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների բնակչության բժշկական սպասարկման խնդիրներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը