Նախարարն այցելել է Երևան-Սևան մայրուղու շտապ օգնության բրիգադներին
Հասարակություն
Անցած շաբաթ օրը ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է Երևան-Սևան մայրուղում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին։
Չարենցավանի հատվածում հերթապահող բժշկուհին հայտնել է, որ հաճույքով են կատարում իրենց վրա դրված պարտականությունը։ Մանավանդ, որ երթևեկողներից շատերն արդեն տեղյակ են լրացուցիչ այս հերթապահությունների մասին։
Հերթապահող բրիգադը նախարարին տեղեկացրել է, որ բարեբախտաբար տրանսպորտային պատահարներ չեն եղել, սակայն երթևեկող մեքենաներն օգտվում են շտապ օգնության ծառայություններից։ Մասնավորապես այդ օրն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի մեջ վատ զգացած փոքրիկին և բարձր զարկերակային ճնշմամբ մեկ քաղաքացու։
Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել կատարվող աշխատանքի առթիվ և հորդորել է մշտապես ուշադիր ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել բժշկական օգնության կարիք զգացողների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 08:00-22:00 շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը