Ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների» վարքագծին
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է.
«Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների, որոնցից մեկը' Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով' հունիսի 29-ին մահացել էր:
Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի' պատգամավորի հրաժարականի մասին դիմումը պետք է հրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, և եթե դիմումի հրապարակումից հետո 15 օր անց պատգամավորը ետ չի վերցնում իր դիմումը, դրանից հետո միայն դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:
Քանի որ Ազգային ժողովը Հայրապետյանի հայտարարության պահին գտնվում էր արձակուրդում, այս գործընթացը պետք է տեղի ունենար սեպտեմբերին' ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ:
Եվ ահա, Ազգային ժողովի հերթական նստաշրջանից մոտ մեկ ամիս առաջ, հանրությանն անհայտ մի քանի կեղծ բարեպաշտներ լրատվամիջոցներից մեկով Ռուբեն Հայրապետյանին կոչ են անում հրաաժարվել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումից:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ' հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված' հասարակությանը հասցվող ապտակ:
Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին' ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:
Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն' նրանք պարտադրված են իրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:
Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների» վարքագծին, միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:
Հերոստրատոսի նմանությամբ' այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում' Արտաշես Գեղամյանի, Արմեն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս պաշտպանների անունների կողքին:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը