Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման օրը հայտնի է
ՀայաստանՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: