Տերտերյանն արձանագրում է համայնքների բյուջետային կարգապահության էական առաջընթաց
ՏնտեսությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահեցնում է, որ համայնքների բյուջետային կարգապահության մեջ էական առաջընթաց կա: Տերտերյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում նախագծերից մեկի քննարկման ժամանակ:
«Ես վստահեցնում եմ, որ համայնքային բյուջետային կարգապահության մեջ էական առաջընթաց կա: Գանձապետական համակարգի ներդրումը, բյուջեի կայունությունը, դոտացիաների ժամանակին ֆինանսավորումը և էլի շատ դրական տենդենցներ բերել են նրան, որ համայնքների ճնշող մեծամասնությունում պլանավորված բյուջետային հոսքերը և բյուջետային կարգավորումներն իրացվում են»,-ասաց Տերտերյանը:
Անդրադառնալով համայնքային ծառայողների աշխատավարձերին` նա նշեց, որ, իհարկե, գնահատականի առումով կարելի է ցանկանալ ավելի մեծ աշխատավարձեր: Սակայն այս պահին դրա լուծման տարբերակներից մեկը համարեց վարչարարության էֆեկտիվացումը, քանի որ եթե հարկերը հավաքվեն 100 տոկոսով, ապա հնարավոր կլինի լրացուցիչ ծախսեր իրականացնել` այդ թվում նաև աշխատավարձերի համար: Նա լուծման տարբերակ համարեց նաև ծախսերի կրճատումը: