Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանին
ԹուրքիաԹուրքիայում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:
Ավազյանը նշել է, որ վերջին երկու օրերին զարկերակային ճնշման խնդիրներ ունի, և եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի ներկայիս իշխանությունների վրա:
Հայազգի իրավապաշտպանը կիսվել է նաև իր ենթադրությամբ, թե ինչը կարող էր իրեն բերման ենթարկելու պատճառ հանդիսանալ:
«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Ես բարձրաձայնել եմ այս մասին և իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»,-ասել է Ավազյանը:
Սա առաջին դեպքը չէ, որ թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկում Ավազյանին: 2019 թվականի հոկտեմբերին Ավազյանը բերման էր ենթարկվել իր տան խուզարկությունից հետո: Ոստիկանությունն այն ժամանակ ցանկանում էր նրանից ցուցմունք ստանալ «ահաբեկիչների հետ» նրա ենթադրյալ կապի մասին: