Փրկարարները մեկնել են Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնացին օգնելու
Հասարակություն
Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը արդեն 2 օր է փրկարարական օգնության է սպասում:
Նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ և հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի և ջրի պաշարը՝ սպառվում: Անդրանիկ Միրիբյանը, ով նախկին փրկարար է, կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ և խնդրել իր հետևից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 11.30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Ճգնաժամային Կառավարման Կենտրոնից ուղիղ կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրիբյանի հետ, ով լեռնագնացության նպատակով բարձրացել էր Վրաստանում գտնվող Ուշբա լեռը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն երրորդ օրն է չի կարողանում ինքնուրույն ցած իջնել:
Անդրանիկը Ա. Երիցյանին հայտնեց, որ ինքը լավ է և անհանգստանալու կարիք չկա: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց ԱԻՆ-ին՝ ձեռնարկած միջոցառումների և անհանգստության համար: ՃԿԿ-ում ներկա էր նաև Ա. Միրիբյանի մայրը: Այնուհետև կապ հաստատվեց Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրին, որ այսօր առավոտյան ժամը 4-ին օսեթական փրկարարական խումբը երկու հայ փրկարարների հետ սկսել է Ուշբա լեռի վերելքը: Երեք օր անընդհատ ԱԻՆ ՃԿԿ-ն կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ:
Ըստ Վրաստանի և Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունների կանխատեսումների' այսօր գիշերը և վաղն ամբողջ օրը եղանակը զգալիորեն կբարելավվի ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն փրկարարական աշխատանքների համար: ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչ կանի դժվարության մեջ հայտնված ՀՀ քաղաքացուն անվտանգ հայրենիք վերադարձնելու համար:
Օգոստոսի 12-ին ժամը 06.27-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ուղղաթիռը մեկնել է Ուշբա լեռան ուղղությամբ: Եղանակային բարենպաստ պայմանների և վայրէջքի հնարավորության դեպքում ուղղաթիռը հնարավորինս կմոտենա Ա. Միրիբյանի գտնվելու վայրին: Դրան զուգահեռ նաև շարունակվում է հայ և վրացի փրկարարների վերելքն Ուշբա լեռ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը