«Կալիբր» թեւավոր հրթիռներով երկու ռուսական ռազմանավ է ուղեւորվել դեպի Սիրիայի ափեր
Մերձավոր ԱրևելքՍեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտնել է Սեւծովյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլեւը:
«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ ֆրեգատները, որոնք հանդերձված են բարձրճշգրիտ զենքով՝ «Կալիբր-ՆԿ» հրթիռային համալիրով, կմտնեն Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի մշտական խմբավորման ուժերի կազմ»,- ասել է Ռուլեւը:
«Սեւծովյան նավատոմի այդ շարքի երրորդ ֆրեգատը՝ «Ադմիրալ Էսենը», Միջերկրական ծովում առաջադրանքներ է կատարում 2019 թվականի դեկտեմբերից»,- նշել է ՍՆ-ի ներկայացուցիչը:
«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատներն ավելի վաղ բազմիցս մասնակցել են զինյալների դեմ Ռուսաստանի գործողությանը Սիրիայի ափերի մոտ: