Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել. նրանք մահացած են ծնվել
ՀայաստանԳյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բժիշկները տեղում պարզել են, որ կինը տնային պայմաններում ծննդաբերել է։ Արական սեռի պտուղը մահացած է եղել։ Կնոջն անմիջապես տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց։
Բժշկական միջամտության արդյունքում կնոջ արգանդից դուրս է բերվել արական սեռի ևս մեկ պտուղ, որը նույնպես մահացած է եղել։ Հիվանդանոց են եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարզում են տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները։
Ըստ որոշ լուրերի՝ իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել կնոջ հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։