«Հրապարակ». ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդա՞ր են տեսնում «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներում:
Թերթը տեղեկություններ է ստացել, որ մայիսի 6-ի Աժ ընտրություններին «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին: Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա:
Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները:
«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չկա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել: Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար: Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում: Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,-ասել է գյուղապետը: Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից Է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով... հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն Է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ: Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք: Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնում»:
Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել: «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,- վստահեցրել է Ալեքսանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին