Ասադի խորհրդականը բանակցություններ կվարի Պեկինում
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բութայնա Շաաբանը, ինչպես սպասվում է, այսօր բանակցություններ կվարի Պեկինում Սիրիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվող արյունահեղության ֆոնին։
Ըստ Չինաստանի արտգործնախարարության, սիրիացի դիվանագետ Բութայնա Շաաբանը կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչի հետ։ Պեկինում ընդգծում են, որ Չինաստանը շարունակում է փորձերը Սիրիայի հակամարտության «քաղաքական լուծում» գտնելու ուղղությամբ։ Նշենք, որ ավելի վաղ Չինաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Դամասկոսի նկատմամբ կոշտ որոշում ընդունելու փորձերը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը այսօր պետք է ժամանի Սիրիա մարտական գոտում հայտնված քաղաքացիներին աջակցելու ջանքերը գնահատելու համար: Փորձագետների գնահատմամբ, Սիրիայում ընդդիմության և Ասադի վարչակարգի միջև հակամարտության արդյունքում տուժել է շուրջ 2 միլիոն մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկում է Իսլամական համագործակցության կազմակերպության երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Սիրիայում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ