Քաղաքացիական նախաձեռնությունը՝ քաղաքական օրակարգի թելադրող
Քաղաքական
««Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության նպատակն է համբերությամբ, հետեւողականորեն եւ հանրային մասնակցությամբ ձեռնամուխ լինել քաղաքային հիմնախնդիրների լուծմանը և բարեփոխումների իրականացմանը»,- Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու, լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
Ի պատասխան այն հարցին, թե քաղաքացիական նախաձեռնության կողմից ինչու են առաջադրվել միայն ավագանու թեկնածուներ և չի առաջադրվել քաղաքապետի թեկնածու, նա նշեց, որ հանրության կողմից եղել են այդպիսի առաջարկներ, սակայն քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ դա անիմաստ ցուցադրական քայլ կլիներ։
Հիշեցնենք, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրվել են Գյումրու ավագանու 7 թեկնածուներ։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ ուսումնասիրությունների ու ռեսուրսների գնահատման արդյունքում եկել են այն համոզման, որ թեկնածուների ամենաիրատեսական քանակը 7-ն է։ Սա պատճառաբանվում է նրանով, որ ընտրազանգվածը մեկն է, ու ձայների այդ քանակը բաշխվելու է թեկնածուների մեջ, ուստի 7-ից ավելի թեկնածուների առաջադրումը կարող էր իջեցնել արդյունավետությունը։ Նա հավելեց նաև, որ իրենց կողմից մշակվել է համայնքային տնտեսության բարեփոխման եւ համայնքի զարգացման թիմային նախընտրական ծրագիր, որն աննախադեպ է Հայաստանում, ինչպես նաև մշակվել են ավագանու անդամի վարքականոններ, որոնցում նշվում են մի շարք սահմանափակումներ.«Սահմանափակումներ ունենք շահերի բախման հետ կապված. օրինակ՝ եթե պարզվի ինչ-որ զարգացման արդյունքում քաղաքապետի, տեղակալների, վարչության պետերի, աշխատակազմի ղեկավարների հետ մեզնից որևէ մեկը ազգակցական կապի մեջ է մտնում (ասենք` խնամի, քավոր, սանիկ է դառնում), ավագանու անդամն իր լիազորությունները անմիջապես դադարեցնում է: Մեկ այլ սահմանափակում. օգնություն չստանալ համայնքի բյուջեից. մեր և մեր հեռավոր ազգականների մասին է խոսքը: Որևէ տենդերի, մրցույթի չմասնակցել և այլն: Այս տեսակ խիստ կանոնակարգ ունենք ընդունած:
Ես հասկանում եմ, որ այնտեղ՝ ներսում, ընտրվելուց հետո կլինեն մի քանի խմբերի մերձավորներ: Մեկը՝ մեր խմբի մարդիկ, մյուսը գործող քաղաքապետի մերձավորները կլինեն, մյուսը՝ հաջորդ քաղաքապետի մերձավորները: Կլինեն մարդիկ, որոնք որևէ խմբում չեն լինի: Սա էլ կարող ենք համարել չորրորդ խումբ: Այնտեղ կլինի հետաքրիր բազմազանություն, այս իմաստով՝ ոչ պաշտոնական, ֆրակցիոն բազմազանություն։ Կարծում եմ՝ դրանից քաղաքը շահելու է։ Մինչև հիմա մենք ունեցել ենք Բրեժնևի ժամանակների պալիտբյուրոյի տիպի ավագանի. խելոք գնացել նստել են, քաղաքապետը ինչ տվել է, կողմ են քվեարկել: Ոչ մի նախաձեռնողականություն: Հիմա դրա վերջը հաստատապես եկել է»։
Այն հարցին, որ 7 անդամով լինելու են փոքրամասնություն ու փաստորեն համագործակցելու են մյուս խմբերի հետ, նա պատասխանեց.
«Չեմ կարծում, որ յոթը միշտ լինելու է տասնչորսի դեմ: Տարբեր հետաքրքրություններ, շահեր, բայց մենք վստահ ենք, որ մենք այն խումբն ենք, որն ամենալավը, ամենաազատը կկարողանա ավագանու և քաղաքի խնդիրները հասարակությանը հասցնել: Օրինակի համար, եթե տարրական շահի մեջ եղող հարցի շուրջ պարզվեց, որ մենք փոքրամասնություն ենք, ամբողջ աշխարհին ենք հասցնելու, որ կոնկրետ այս, այս, այս մարդիկ, շատ կոնկրետ դեմ են եղել քաղաքի շահի հարցով։ Իշխանությունը թող դատի՝ ինչ անենք ուրիշ:
-Քաղաքական ուժերի կողմից առաջադրվել են 2 թեկնածուներ և երեք թեկնածուներ ինքնաառաջադրվել են։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Այդ մասին շատ է խոսվել: Իշխանությունը վաղուց մատնացույց է արել իր համար հաճելի թեկնածուին, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, հասկանալի է, կանգ են առել այդ մեկի վրա: Դաշնակցության թեկնածուն, ինչքան հասկանում եմ, լավ իմաստով ասելիք ունի հանրությանը և քարոզարշավը օգտագործելու է այդ նպատակով: Նաև հասկանում ենք, որ քարոզարշավը նախորդում է նախագահի քարոզարշավին։ Իսկ այն երեքը, հազար ներողություն, բայց ինձ համար հայտնություններ են՝ որպես թեկնածու: Մեկին աղոտ հիշում եմ 90-ականներից, մյուս երկուսին չեմ ճանաչում: Գուցե շատ արժանավոր անձնավորություններ են, բայց որպես քաղաքապետացու, հազար ներողություն, հասարակական-քաղաքական դաշտում չեն երևացել և գաղափար չունեմ այդ մարդկանց պատկերացումների մասին քաղաքի ապագայի վերաբերյալ: Մինչև քաղաքապետի թեկնածություն առաջադրելը մարդը հասարակական-քաղաքական կյանքում ինչ-որ հայտեր պետք է ներկայացրած լիներ: Տրամաբանությունը դա է հուշում:
-Փաստորեն, ըստ էության, քաղաքապետի հարցով ամեն ինչ պարզ է ու անակնկալներ չե՞ն լինի:
-Կարծում եմ՝ ահագին պարզ է և անակնկալներ չեն լինելու, եթե Ղուկասյանը առաջադրվեր, ահագին լուրջ հետաքրքրություն կառաջանար, մրցակցություն՝ դրանից բխած անդուր հետևանքներով, ընտրակաշառքի գետեր կհոսեին: Իսկ հիմա, կարծում եմ, ահագին պարզ է: Թույլ տվեք այնքան պարզամիտ չլինեմ, որ հետո էլ չասեն՝ քարոզեց սրան-նրան, չքարոզեց։ Ինձ թվում է, որ հասարակության համար էլ են արդյունքները պարզ:
-Իսկ Ձեր կողմից որոշակի նոր մեխանիզմներ մշակվու՞մ են ընտրությունների ընթացքը ու մինչև ընտրություններ այդ ընթացքը վերահսկելու համար:
-Նոր մեխանիզմներ չունենք: Դրանք հասարակ մոնիթորինգային մեխանզմներն են, որով հսկում ենք, տեսնենք, արձանագրենք: Ոստիկանությունը մեզ հետ չէ, ինչպես չի եղել երբեք: Եթե այս անգամ հաճելիորեն տեսնենք, որ մեզ հետ են, ես անպայման այդ մասին կասեմ, որ սխալվել էի:
Ոստիկանությունը գնացել, թաքնվել է։ Գիտենք, ընտրակաշառք են բաժանել, վարչական ռեսուրս են չարաշահել և այլն: Այդ ռիսկերը կան: Դպրոցների չորս տնօրեն է առաջադրվել, մի քանի դասախոս, մի քանի մանկավարժ: Կասկածներ ունենք, որ վարչական ռեսուրսը կարող է չարաշահվի և անգամ իրենք գլխի չընկնեն, թե ինչպես է չարաշահվում: Շատ հետաքրքիր կլինի, եթե դպրոցի տնօրենները արձակուրդ գնան այս օրերին, բայց իրենք չեն գնա, որովհետև օրենքը դա չի պահանջում և չի բացառվում, որ դպրոցի ներսում խոսվի, որ այս մարդը թեկնածու է։ Չի բացառվումը ո՞րն է, հաստատ կխոսվի: Իսկ սա արդեն վարչական ռեսուրս է, ինչը մենք չունենք, այսինքն՝ մրցակցությունը անհավասար է լինելու այդ իմաստով: Բայց եթե ինչ-որ փաստեր արձանագրենք, մենք կիրազեկենք հանրությանը: Մենք փորձում ենք ինչ-որ լուծումներ գտնել, թե ինչպես ազդել։ Օրինակ, ընտրակաշառքի հետ կապված մենք համոզվել ենք, որ քարոզչական նկատառումներով բավական անարդյունավետ է վերցնելու համար վերցնողներին քննադատելը: Գուցե ավելի ճիշտ է քննադատել տվողների՞ն՝ տալու համար: Մեր քարոզչության մեջ, վստահ եմ, չի լինելու քննադատություն վերցնողների վերաբերյալ, բայց չի էլ խրախուսվելու՝ վերցրեք գնացեք սրան ընտրեք, նրան ընտրեք:
-Եթե հնարավոր լինի հասնել նրան, որ ավագանին իսկապես կատարի իր գործառույթները, ապա դա աննախադեպ կլինի Հայաստանի համար: Ի սկզբանե եղե՞լ է ամբողջ Հայաստանի համար նախադեպ ստեղծելու նպատակ:
-Մենք բազմաթիվ նախադեպերի հեղինակ ենք, բայց հատուկ նախադեպացավով չենք տառապում։ Պարզապես մենք հասկանում ենք, որ իսկապես նախադեպ կլինի: Կգնահավի՞, կօգտվե՞ն ուրիշ համայնքներ կամ հասարակական ակտիվիստներ, պարզ կդառնա հետո, եթե չեն օգտվի, չեն օգտվի: Բայց դա իսկապես նախադեպացավ չէ:
Ամենագլխավորն ասեմ, որ մեր նախաձեռնությունը քաղաքապետացուներից որևէ մեկին չի պաշտպանում և հատուկ արշավ որևէ մեկի դեմ չի տանում՝ անկախ նրանից, թե ով է առաջադրվել, ով չի առաջադրվել: Սկզբից էլ մեր դիրքորոշումը եղել է այսպիսին՝ մենք բազմազան ենք: Մեր մեջ մարդիկ կան, որ այս թեկնածուին են հավանում, այս մի թեկնածուի օգտին են արտահայտվում, բայց մենք պայամանավորվել ենք, որ մարդիկ պետք է ունենան իրենց դիրքորոշումը՝ մեր շարժման մասին է խոսքը: Այդ հավաքական դիրքորոշումը մենք չունենք և չենք էլ ունենալու, եթե մի արտառոց բան չլինի: Եթե մի այնպիսի բան լինի, որ մենք հայտարարենք որևէ մեկին աջակցություն, անպայման հիմնավոր կլինի, բայց ամենայն հավանականությամբ չի լինի նման հայտարարություն։ Չենք աջակցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը