Սահմանամերձ տարածքում ներդրումներն արդարացնու՞մ են աշխատավարձերի չվճարումը
Հասարակություն
Այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկացել էր, որ «Եվրոթերմ» ընկերությանը պատկանող «Նոյյան» բնական հյութերի գործարանում մի քանի ամիս է աշխատակիցներին աշխատավարձեր չեն վճարել։ Թերթը հայտնում է, որ այս մասին խմբագրություն էին ահազանգել մի խումբ աշխատակիցներ: Նրանք չեն ցանկացել ներկայանալ՝ վախենալով, որ կզրկվեն նաև իրենց վաստակած գումարից:
Lurer.com-ը այս մասին փորձեց պարզաբանում ստանալ «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանից, ինչին նա պատասխանեց.
-Մենք կտանք պաշտոնական պատասխանը, բայց ցավում եմ, որ մեր լրագրողները աշխատում են երկիրը քայքայելու սկզբունքով։
-Այսի՞նքն։
-Փոխանակ մեր լրագրողները ասեն, որ «Եվրոթերմը» սահմանամերձ շրջանում մոտավորապես 8 միլիոն դոլարի ներդրում է անում, նոր գործարան է կառուցում, աշխատատեղեր է ստեղծում, ինչ-որ ասեկոսներ են տարածում։
-Ես ընդամենը փորձում եմ ճշտել տեղեկատվությունը, որպեսզի կամ ձեր հերքումը գրվի, կամ այն, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
-Օրվա մեջ մենք կտանք պաշտոնական տեղեկատվություն այս մասին։
Հետաքրքիր է, թե ի՞նչ կապ կա սահմանամերձ տարածքում ներդրումներ անելու և աշխատողների աշխատավարձերը չվճարելու միջև։ Իհարկե, ելնելով «անմեղության կանխավարկածից», չենք կարող ասել, որ աշխատավարձերը հաստատ չեն վճարվել, սակայն զարմանալի է, որ այս փաստը հաստատելու կամ հերքելու փոխարեն խոսվում է սահմանամերձ տարածքներում կատարված ներդրումների մասին։
Այսինքն, եթե ներդրումներ ես կատարում սահմանամերձ գոտում, կարող ես չվճարե՞լ աշխատավարձերը: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելու դեպքում ներդրողը ստանում է անվճար աշխատուժ ու ազատվում է հարկային պարտավորություններից։
Կարծում եմ ցանկացած գործարարի բարոյական պարտավորությունն է ներդրումներ կատարել սահմանամերձ գոտում ու բոլորովին կարիք չկա այդ մասին արտահայտվել ինքնահերոսացմամբ։
Ցավալի է, բայց Հայաստանում տարածված երևույթ է, երբ մարդիկ արտաքինից «բարի» գործեր անելով լեգիտիմացնում են իրենք իրենց՝ հանրության աչքերին թոզ փչելով և ծածկելով իրենց անօրինական գործողությունները։ Այս տեսակի լեգիտիմացումը կատարվում է վայ բարեգործությունների, սահմանամերձ գոտիներում ներդրումների, Ֆուտբոլի և այլ ֆեդերացիաների միջոցով։
Փաստորեն կատարում ես մեկ «բարի» գործ ու հետո ինչ ուզում ես արա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը