Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:
Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը: