ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան
ՀայաստանԱյսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատանքներն իրականացրել է արտակարգ ռեժիմով:
Կապանում վաղ առավոտից գործում է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ:
Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկման ներքո է նաև Կապանում տեղի ունեցող հավաքը: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան և լուծում ստանան բացառապես իրավական ճանապարհով: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է տրվի այնպես, որ թույլ չտրվի որևէ լարվածություն, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են: