Բողոքի ակցիա. «Սպայկա»-ն շարունակում է խաբել գյուղացիներին (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին անցկացնում Արագածոտնի մարզի Օհանավան, Ուշի, Կարբի և Մուղնի գյուղերի մոտ 30 բնակիչ։
Ըստ գյուղացիների` «Սպայկա» գյուղմթերք ընդունող ընկերությունը գյուղացիներից հավաքել է կեռաս, ծիրան, բալ և չի կատարել համապատասխան վճարումները։ Գումարը հասնում է 42.000.000 դրամի։
««Սպայկա» ընկերությունը մեր գումարները չի տալիս, ամեն օր խաբում է, էսօր- էգուց, մի ժամից -երկու ժամից, մենք էլ խնդրում ենք Կառավարությանը խնդրով զբաղվի, թե չէ՝ գյուղական ձևով հարցին լուծում կտանք»- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։
«Սպայկա» ընկերության հետ նրանք անցյալ տարի ևս համագործակցել են, որը բարեխղճորեն կատարել էր վճարումները, այդ կերպ գյուղացիների մոտ առաջացրել է վստահություն և կարողացել է առանց պայմանագրի ստանալ գյուղմթերքը։ Արդյունքում՝ այս տարի ձգձգվում է վճարումների կատարումը, անգամ ընկերությունից հայտարարել են, որ նման խնդիր չկա և այս ամենը հերյուրանքներ են։
Չնայած ստահոդ հայտարարությանը` գյուղացիներին ընկերությունից խոստացել էին մինչև օգոստոսի 22-ը կատարել բոլոր վճարումները, սակայն գյուղացիներին անտեղի սպասեցնել են տվել և դատարկ գրպանով ճանապարհել։
Գյուղացիները այսուհետ պատրաստվում են թեկուզ ամեն օր բողոքի ակցիաներ անցկացնել, որպեսզի ետ ստանան իրենց ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը։
Ակցիայի մասնակիցները դատարկ ձեռքով չէին եկել։ Նրանք իրենց հետ բերել էին դիմում-բողոք, որի տակ ստորագրել էր մոտ 150 բնակիչ։ Գյուղացիները Կառավարությունից օգնություն չստանալու դեպքում խոստանում են փակել գյուղի ճանապարհը։
Կառավարությունից դիմում-բողոքների ընդունման վարչության պետը գյուղացիներին խոստացավ խնդրին ընթացք տալ և, ըստ նրա, նամակն առավոտյան 09.30-ին կուղարկվի Գյուղնախարարություն։
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը