Ոստիկանությունը փնտրում է Վարդան Ղուկասյանի որդուն
Հայաստան
Ոստիկանության լրատվական վարչությունից չհերքեցին, որ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է երկու օր առաջ Գյումրիում տեղի ունեցած կրակոցներով միջադեպին։ Lurer.com–ի տվյալներով այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ Lurer.com-ի հետ զրույցում ոստիկանության աշխատակիցը հաստատեց, որ այս պահին կա ձերբակալված անձ՝ Հարություն Համբարյանը, որը հիմա գտնվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Lurer.com-ի հավաստի տվյալներով, վերջինս Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի մտերիմներից է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ էին հնչել:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, միջադեպը տեղի էր ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասյանյանի նախընտրական հանդիպումներից մեկի պատճառով. Գյումրու ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն իր մերձավորների հետ այդ կերպ արտահայտել են իրենց դժգոհությունը Բալասանյանին պաշտպանողների նկատմամբ:
Մինչ ոստիկանության հաստատումը, րոպեներ առաջ Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը Lurer.com-ի հետ զրույցում «ոչ կոռեկտ» համարեց հարցը, թե Սպարտակ Ղուկասյանը մինչ դեպքի օ՞րն է Հայաստանից դուրս գտնվել, թե՞ դեպքից հետո, այդուհանդերձ պնդելով, որ Վարդան Ղուկասյանի որդին դեպքի օրը Հայաստանում չի եղել:
Նանե Մակուչյան


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի