Դեսպան Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահին
ՀայաստանՕգոստոսի 19-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արման Հակոբյանի՝ ԲԴՀ նախագահ Ժաիր Բոլսոնարուին (Jair Bolsonaro) հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարողությունից հետո կայացավ Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույցը, որին ներկա էին նաև ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն (Ernesto Araújo), ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Օտավիու Բրանդելլին(Otávio Brandelli), ԱԳՆ և նախագահի աշխատակազմերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները համաձայնեցին, որ առկա է զգալի ներուժ և ընդգծեցին դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլսոնարուն գովեստով խոսեց նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշեց, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման համար:
Դեսպան Հակոբյանը նաև գրառում կատարեց նախագահական պալատի պատվո հյուրերի գրքում: