Շվեդիայում Հունգարիայի դեսպանությանը բողոքի նամակ կներկայացվի
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին լուրը վրդովմունք է առաջացրել ողջ աշխարհի հայության մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունից, Շվեդիայի հայ համայնքը պատրաստվում է բողոքի նամակ ներկայացնել Շվեդիայում Հունգարիայի դեսպանությանը:
«Սպասելի էր, որ Ադրբեջանում կարող են արդարացնել հային սպանողին: Սակայն երևում է, որ արդարադատությունը կաղում է նաև Հունգարիայում: Սա պետք է տեղի չունենար 21-րդ դարի Եվրոպայում»,- ասված է հայտարարության մեջ:
Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի այս անընդունելի քայլը, ինչը ոչ միայն ակնհայտ թշնամանքի ցուցադրություն էր Հայաստանի և հայության հանդեպ, այլ նաև ծաղրանք արդարադատության նկատմամբ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում