ՀԱՊԿ-ն զորավարժություններ կանցկացնի Հայաստանում
ՀայաստանՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների բանակների զորահրամանատարները առցանց ռեժիմով քննարկել են Հայաստանում անցկացվելիք երկու վարժանքների նախապատրաստական հարցերը: Դրանք են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական ուժերի «Պոիսկ-2020» հատուկ վաժանքը, ինչպես նաև ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային վարժանքը: Դրանք կանցկացվեն «Բաղրամյան» պոլիգոնում:
Բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի, Հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչները: Զորահրամանատարները համաձայնեցրել են համատեղ վարժանքների անցկացման վայրը, փուլերը, տևողությունը, ներգրավված ազգային զորամիավորումների կազմը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր:
ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչի խոսքով, «Պոիսկ-2020» վարժանքի ընթացքում կմշակվեն հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը: «Փոխգործակցություն-2020» վարժանքը նվիրված է Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակմանը: