Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել Տարոն Մարգարյանը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառմանը:
Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:
Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը:
Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի էին ընկնում նաև ակվագրիմով փոքրիկները:
Հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են նաև մանկական համույթների տաղանդաշատ երեխաները:
Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է զբոսայգում, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Օգտվելով առիթից, քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորել է փոքրիկներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը